Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը


Սիրելի հայրենակիցնե՛ր,

Շնորհավորում եմ ձեզ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Անցնող տարում մենք շարունակեցինք մեր ընթացքը, շարունակեցինք կառուցել, շարունակեցինք նորոգվել ու զարգանալ որպես հասարակություն և որպես պետություն: Խոստովանենք, որ այդ ամենն արվում էր բարդ աշխարհաքաղաքական պայմաններում:

2014 թվականն աչքի ընկավ աշխարհում տեղի ունեցող փոթորկալից իրադարձություններով: Ցավոք, այդ փոթորիկները դեռ լիովին չեն հանդարտվել: Ընդամենը մեկ տարի առաջ թերևս քչերն էին պատկերացնում, թե ինչ արագությամբ կարող են զարգանալ դեպքերը, և որքան բացասական կարող են լինել դրանց հետևանքները:

Հայաստանի իշխանությունների առաջին խնդիրն է եղել մեր ժողովրդին և մեր երկիրը հնարավորինս հեռու պահել այդ փոթորիկներից, պահպանել Հայաստանի և Արցախի խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը: Միշտ չէ, որ հնարավոր է լինում թափ առնող տարբեր բացասական միտումներից ամբողջովին հեռու մնալ, որովհետև մենք աշխարհի մասն ենք: Որքան էլ փոքր համարենք մեր երկիրը, մենք աշխարհի մասն ենք:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անցած տարին հատկանշվեց մեր սահմանների վրա լարվածության աննախադեպ աճով: Սա այն իրականությունն է, որի մեջ մենք ապրում ենք: Մեր բանակը իր առջև դրված խնդիրները լուծում է պատվով և մասնագիտական բարձր մակարդակով: Չեմ կասկածում, որ այսօր` Ամանորի տոնական սեղանների շուրջ, մենք անպայման բաժակ ենք բարձրացնելու` խմելով մեր զինվորների ու սպաների կենացը՝ մաղթելով նրանց բարի ծառայություն:

Մենք մուտք ենք գործում 2015 թվական: Տարին, իհարկե, խորհրդա-նշական է: Մենք պատրաստվում ենք պատշաճ կերպով անցկացնել Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Բոլորս միասին դա անելու ենք արժանապատվորեն: Նշելու ենք կյանքի հաղթանակը մահվան հանդեպ` ընդգծելով այն հերոսական ու փառահեղ ուղին, որ անցավ մեր ժողովուրդը: Ընդգծելու ենք վերապրելու, վերածնվելու և ազատագրվելու այն կամքն ու ջանքը, որ դրսևորեց մեր ժողովուրդը: Ընդգծելու ենք նաև այն առատ հունձքը, որ տվեց հայ հանճարն իր երկրին ու աշխարհին անցած հարյուր տարվա ընթացքում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արտաքին հանգամանքները կարող են դասավորվել այս կամ այն կերպ, բայց ամենակարևորը և վճռորոշը լինելու է այն, ինչ մե՛նք ենք անելու մեր ընտանիքների և մեր երկրի համար: Մենք կարող ենք շատ բան անել և անում ենք քայլ առ քայլ: Մենք զարգացնելու ենք մեր տնտեսությունը նոր պայմաններում` օգտվելով այն հնարավորություններից, որոնք բացվելու են տեսանելի ապագայում: Մենք շարունակելու ենք մեր ուղին դեպի ազատ, ապահով և բարեկեցիկ Հայաստան: Աստծո օրհնությամբ մենք շարունակելու ենք հաղթել՝ շարունակելու ենք հաղթել ապրելով ու արարելով:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG