Մատչելիության հղումներ

Նոր տարվա առաջին աշխատանքային օրվանից ուժի մեջ կմտնի Ազգային ժողովի աշխատանքը լուսաբանելու համար հավատարմագրման նոր կարգը, որը քննադատության է արժանացել մեդիա փորձագետների կողմից, քանի որ, ըստ նրանց, լրատվամիջոցների մի մասը կզրկվի ԱԺ-ի աշխատանքը լիարժեքորեն լուսաբանելու հնարավորությունից:

Բանն այն է, որ նոր կարգի համաձայն Ազգային ժողովում կարող են հավատարմագրվել միայն 1500 և ավելի տպաքանակ ունեցող օրաթերթերը և օրական 2.000 և ավելի այցելու ունեցող ինտերնետային կայքերը։

Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը ուշադրություն է հրավիրում նոր կարգի սահմանած սահմանափակումներին։ Ինչու հենց 2.000 այցելու ունեցող կայքերը՝ որտեղի՞ց վերցրեցին այս թիվը՝ մտահոգվում է Բարսեղյանը, համարելով այս դրույթը կամայականություն արդյունք։

«Ինչո՞ւ 2000՝ որևէ տեղ որևէ կերպ չի բացատրվում: Համանման թվեր սահմանել են տպագիր մամուլի համար: Հեռուստաալիքների համար չեն սահմանել դիտողների թիվ և այլն: Երևի ճշգրիտ հաշվել չեն կարող, որոշել են, որ ուրեմն հեռուստատեսությունները, ռադիոկայանները ավելի վեր են, քան մյուս երկու տեսակի լրատվամիջոցները», - մեկնաբանում է Բարսեղյանը:

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հակադարձում է ընդդիմախոսներին՝ ասում է, թե նախկին կարգը ևս նման սահմանափակումներ է ունեցել։

«Ամեն 40.000 դրամ ունեցողը կարող է կայք բացել ու հայտնվել Ազգային ժողովում», - նշում է Բաբայանը․ - «Ինչո՞ւ հեռուստատեսության և ռադիոյի դեպքում չկա․ որովհետև դրանք «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի համաձայն պետք է լիցենզավորում անցնեն: Թերթերի դեպքում՝ 1500 տպաքանակը օրաթերթերի դեպքում համարվել է ողջամիտ թիվ, որը լրատվամիջոցի դիրքի մասին կխոսի», - ասում է ԱԺ ներկայացուցիչը:

Կայքերի դեպքում 2.000 թիվը որոշելիս հանգել են օպտիմալ տարբերակի՝ շարունակում է Բաբայանը․ - «Կայքերի հետ կապված՝ լրատվամիջոցների ղեկավարների և որոշ լրագրողների հետ քննարկման արդյունքում եկանք այն համոզման, որ 2000-ը մինիմում թիվն էր, որը ինչ-որ չափով կխոսի լրատվամիջոցի որակի մասին»։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում թեմային անդրադարձել է նաև Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Նա անիմաստ է համարում տպաքանակի, լսարանի, կայքի դիտումների հիման վրա որոշել լրատվամիջոցի կարգավիճակը կամ կարևորությունը:

«Համապատասխան առաջարկություններ արել եմ, բայց, երևի, քննարկումներին մասնակցողների մեծ մասի համար այսպես ընդունելի էր», - գրել է Նավասարդյանը:

Բաբայանը պնդում է՝ նոր կարգը ոչ սահմանափակում, ոչ էլ խտրականություն է դնում լրատվամիջոցների միջև։ Ավելին՝ հավատարմագրման պայմանները բարելավվել են․ օրինակ՝ նախկին կարգով լրատվամիջոցը ԱԺ-ում կարող էր ընդամենը 2 հավատարմագրված աշխատակից ունենալ, այժմ այդ թիվը 4-ն է:

«Այսինքն, այստեղ սահմանափակելու խնդիր բոլորովին չկա, դեռ մի բան էլ ավելին՝ փորձում ենք հնարավորինս ավելի շատացնել պրոֆեսիոնալ լրատվամիջոցների ներկայությունը», - ասում է նա:

Լևոն Բարսեղյանը մեկ այլ օրինակ է բերում՝ Երևանում թղթակցային կետեր չունեցող մարզային հեռուստաընկերությունները Ազգային Ժողովի աշխատանքները չեն կարող լուսաբանել։

Արսեն Բաբայանը, մինչդեռ, նշում է, որ մինչ այս կարգի ընդունումը վիճահարույց դրույթներ են եղել, որոնք տեղ չեն գտել նոր կարգում՝ շեշտելով, թե ընդունված տարբերակում հաշվի են առել գրեթե բոլոր առաջարկները։

XS
SM
MD
LG