Մատչելիության հղումներ

Ռուսաստանի խոշորագույն պետական նավթային ընկերության` Роснефть-ի հարավկովկասյան էքսպանսիան շարունակվում է:

Երեկ հայտնի դարձավ, որ ռուսաստանյան նավթային հսկան ձեռք է բերել վրացական Petrocas ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը:

Նավթամթերքի վաճառքով զբաղվող Petrocas-ը Վրաստանի էներգետիկ ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկն է: Petrocas-ի սեփականությունն են հանդիսանում երկրի տարածքում գտնվող նավթային տերմինալներից երկուսը, ինչպես նաև 140 բենզալցակայաններից բաղկացած Gulf Georgia ցանցը:

Վրաստանից բացի Petrocas-ը բիզնես գործունեություն է ծավալել նաև Հայաստանում, Ադրբեջանում և Ղազախստանում:

Այժմ ահա՝ Petrocas-ն ու Роснефть-ը համատեղ ձեռնարկություն են ստեղծում, որին, այլ ձեռնարկություններից բացի, ըստ վրացական լրատվամիջոցների, կպատկանի նաև Փոթիի նավահանգստի նավթային տերմինալը: Բնական է, որ Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս օբյեկտի հանդեպ փաստացի վերահսկողության սահմանումը չէր կարող չոգևորել ռուսական ընկերության ղեկավարներին: Роснефть-ի նախագահ Իգոր Սեչինը Petrocas-ի հետ կնքված գործարքի առթիվ հատուկ հայտարարություն է տարածել, որում մասնավորաբար նշված է․ - «Համոզված եմ, որ այս համագործակցությունը առանցքային նշանակություն կունենա տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում»:

Petrocas-ի սեփականատերը` նախկինում Ռուսաստանի, այժմ Շվեդիայի քաղաքացի հանդիսացող Դավիթ Յակոբաշվիլին, ով այս ընկերության բաժնետոմսերը ձեռք էր բերել 2011-ի գարնանը, ևս բարձր է գնահատում ռուսաստանյան նավթային ընկերության հետ կնքված պայմանգիրը:

«Այս համաձայնագիրը ընդգծելու է անդրկովկասյան էներգետիկ միջանցքի և ողջ տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը», - նշել է Յակոբաշվիլին:

Ուշագրավ է, որ վրացական կառավարությունը բավական հանգիստ է ընդունել արևմտյան պատժամիջոցների թիրախ հանդիսացող Роснефть ընկերության մուտքը վրացական շուկա: Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին` մեկնաբանելով կնքված գործարքը հայտարարել է․ - «Ցավում եմ, բայց Petrocas-ի կողմից կնքված այս գործարքին պետությունը որևէ կերպ չէր կարող միջամտել: Բոլոր փոխանցումներն արվել են պետությունից անկախ»:

Նախարարը նաև հատուկ հիշեցրել է, որ Petrocas-ը մինչև 2011 թվականը պատկանում էր Միխեիլ Սաակաշվիլիի մերձավորներից մեկին` պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիին:

«Իրականում այս ընկերությունը Միխեիլ Սաակաշվիլիի և Դավիթ Կեզերաշվիլիի գրպանային ընկերությունն էր, և դրանով ամեն ինչ ասված է: Այնպես որ տեղին չեն իշխանության հասցեին հնչող այն մեղադրանքները, թե մենք են ռազմավարական օբյեկտները վաճառում ռուսներին: Մենք շատ լավ գիտենք, թե ովքեր և ինչ են վաճառում ռուսական ընկերություններին», - հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG