Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարության ամենակարևոր խնդիրը տնտեսության զարգացումն է. Հովիկ Աբրահամյան


Վարչապետը պատմեց իր ամանորյա ցանկությունների մասին։

Երեքշաբթի երեկոյան վարչապետ Հովիկ Աբրահամյանը այս տարվա վերջին խորհրդակցությունն էր անցկացնում, որին մասնակցում էին հիմնականում ֆինանսական ոլորտի ներկայացուցիչները՝ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

Ինչպես վարչապետը ասաց՝ աշխատում են։ Արդեն վաղվանից բոլորը հանգստանալու են՝ բացի Կենտրոնական բանկի նախագահից։

Վարչապետը ասաց, որ մտահոգված է աշխարհում ընթացող տնտեսական գործընթացներով, և հաջորդ տարի ֆինանսական ոլորտը ուշադրության կենտրոնում է լինելու։ Թեև թոռներին դժվարությամբ է կարողանում համոզել Ձմեռ պապի գոյության մասին, իսկ ինքն էլ չցանկացավ պատասխանել՝ հավատում է պապի գոյությանը, թե, ոչ, բայց ցանկություններ հաջորդ տարվա համար ունի։

«Առաջին իմ մտահոգությունը աշխարհում ընթացող տնտեսական գործընթացներն են, հիմա մեզ համար կարևոր է, որ մեր կառավարությանը 2015 թվականին տնտեսական աճ արձանագրի, ակտիվացնենք տնտեսությունը, ներդրումներ ներգրավենք մեր երկրում և խաղաղություն լինի Հայաստանում։ Կառավարության ամենակարևոր խնդիրը տնտեսության զարգացումն է։ Եթե տնտեսությունը զարգանա, մենք կարող ենք աշխատավարձ, թոշակ բարձրացնել»,- ասաց վարչապետը։

Ի դեպ, Ամանորը կառավարության անդամները Հայաստանում են անցկացնելու, վարչապետի տվյալներով դրսում հանգստացողներ չկան։ Հարցին, թե արգելե՞լ է դրսում հանգստանալ, վարչապետն արձագանքեց.- «Չենք արգելել։ Մարդիկ իրենց երկրում, իրենց ընտանիքի հետ են անցկացնում Ամանորը, և դա շատ ճիշտ ձևաչափ է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG