Մատչելիության հղումներ

logo-print

Երևանի բնակիչ 65-ամյա Հովհաննես Կաթրջյանը բողոքում է, որ ձեռքին Հայաստանի Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնից իր օգտին ավելի քան 6 միլիոն դրամ բռնագանձելու մասին դատարանի որոշումն ունենալով հանդերձ չի կարողանում ստանալ այդ գումարը:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից նրան պատասխանել են, թե ընկերությունը չունի գույք և դրամական միջոցներ՝ Կաթրջյանին փոխհատուցելու համար: Վերջինս սրտի վիրահատություններ է տարել կենտրոնում և պնդում է, որ իրեն պատշաճ բուժ օգնություն չի տրամադրվել, ինչի պատճառով հետագայում ստիպված է եղել նորից վիրահատվել: Մասնավորապես, Կաթրջանը մեղադրում է կենտրոնի նախկին տնօրեն, իրեն վիրահատած Սմբատ Ջամալյանին:

«Ջամալյանը գիտեր, որ իմ սիրտը առանց սարքի չի աշխատում, 2004-ին դրեց 4 տարվա սարք, 2008-ին՝ նույն Ջամալյանը, փոխեց իր դրած խթանիչը, պետք է դներ 10 տարվա սարք, դրեց 6 տարվա սարք։ Եվ հիմա ես նորից փոխեցի։ Ես նրա պատճառով երկու անգամ ավելորդ վիրահավատվել։ Եվ մենակ ես չեմ, տասնյակ մարդկանց անուններ կարող եմ ասել»,- պատմեց Կաթրջյանը։

Վիրաբուժ Սմբատ Ջամալյանի դեմ դեռևս 2011 թվականին քրեական գործ է հարուցվել:Նա այժմ հետախուզման մեջ է: Ջամալյանի փաստաբան Խաչատուր Խաչատրյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում փոխանցեց, որ վիրաբույժն իրեն ուղղված մեղադրանքները անհիմն է համարում:

«Բացարձակ հիմնազուրկ մեղադրանքներ են, հատկապես եթե խոսքը բժշկական սխալի մասին է, որովհետև ի սկզբանե դրանք հերքվել են մի շարք բժշկական փորձաքննություններով։ Ի սկզբանե հարուցված է եղել բժշկական սխալի հիմքերով, բայց մեկ ամիս հետո լիովին հերքվել։ Նպատակ է հետապնդում ամեն ինչ անել, որ Ջամալյանը չվերադառնա Հայաստան, սա է իր դիրքորոշումը։ Իմ կարծիքով, սրանք թելադրված գործողություններ են, չեմ կարող ասել ում կողմից, ավելի ճիշտ չգիտեմ»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանը նաև չնշեց, թե այժմ որտեղ է գտնվում Սմբատ Ջամալյանը: Իսկ նախկինում վերջինիս կողմից ղեկավարված կենտրոնն էլ այսօրարդեն չի գործում: Այս տարվա նոյեմբերի 10-ին Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնը դիմում է ներկայացրել Առողջապահության նախարարություն՝գործունեության լիցենզիան դադարեցնելու համար:

Մինչ այդ, ըստ նախարարության կողմից «Ազատությանը» տրամադրած տվյալների, 2012 թվականին, «Էրեբունի բժշկական կենտրոնի» հետ կնքված վարձակալության պայմանագրի լուծարվելուց հետո «Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը այլևս որևէ գործունեություն չի ծավալել: Նախարարությունից նաև տեղեկացրին, որ 2012 թվականի փետրվարից կենտրոնի որոշ աշխատողներ տեղափոխվել են «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունք:

Այս գործով Հովհաննես Կաթրջանի բողոքի հիման վրա զբաղվում է նաևՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Գրասենյակի ներկայացուցիչ Մանուշ Միրզոյանը նախաքննության գաղտնիությունը պահելու պատճառաբանությամբ խուսափեց կատարվածին իրավական գնահատական տալուց, միայն արձանագրեց, որ Հովհաննես Կաթրջյանը այսօր իսկապես անելանելի դրության մեջ է հայտնվել:

«Կա դատական ակտ, նրա օգտին պետք է գումար բռնագանձվի, բայց քանի որ ՍՊԸ-ն չունի միջոցներ, գույք, չի կարող պատասխանատու լինել իր սխալների համար,ստացվում է, որ դատական ակտը դառնում է անկատար»,- ասաց Միրզոյանը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այս իրավիճակը աբսուրսային է համարում: Պարզ չէ՝ երբվանից ընկերությունը չունի միջոցներ և գույք, և եթե այն 2012-ից որևէ գործունեություն չի ծավալել, ապա ինչո՞ւ չի լուծարվելկամ սնանկ չի ճանաչվել, հարցնում է իրավապաշտպանը:

«Դա խայտառակ դեպք է, և այն բժիշկը, որը դրա համար պատասխանատու է, արտասահմանում է։ Հիմնարկությունը, որտեղ նա աշխատել է, գույք չունի։ Առողջապահության նախարարությունը պարտավոր էր ստուգել։ Ոչ պատշաճ վերահսկողության մասին է խոսքը»,- ասաց Սաքունցը։

XS
SM
MD
LG