Մատչելիության հղումներ

«Ինչո՞ւ եք այդ խոզությունն անում։ Որովհետև ուզում եք ինձ ավելի խիստ պատժել»


Ալեքսեյ և Օլեգ Նավալնիները Զամոսկվորեցկի շրջանի դատարանում, Մոսկվա, 30 դեկտեմբերի, 2014թ.
Ալեքսեյ և Օլեգ Նավալնիները Զամոսկվորեցկի շրջանի դատարանում, Մոսկվա, 30 դեկտեմբերի, 2014թ.

Նավալնի-եղբայրները մեղավոր են ճանաչվել։

Մոսկվայի Զամոսկովորեցկի շրջանի դատարանն այսօր կայացրել է Նավալնիների գործով դատավճիռը։ Ֆինասական մեքենայությունների մեջ մեղադրվող եղբայրները դատապարտվել են 3.5-ական տարվա ազատազրկման, սակայն Ալեքսեյ Նավալնին պայմանական ժամկետի է դատապարտվել, ապա նրա եղբայրը` Օլեգը, իրականում երեքևկես տարի կանցկացնի ռուսական բանտում։

Թե՛ պաշտպանող և թե՛ մեղադրող կողմը մտադիր են բողոքարկել դատավճիռը։ Պետական մեղադրողը 10 տարի էր պահանջել եղբայրների համար։

«Ինչպես սահմանում է հայտարարված դատավճռիռը` դատարանն ընդհանուր առմամբ համաձայն է մեղադրողի այն տեսակետի հետ, որ Նավալնի եղբայրները մեղավոր են ֆինանսական մեքենայությունների և փողի լվացման համար», - դատարանի շենքի մոտ հավաքված լրագրողներին ասել է դատախազ Նադեժդա Իգնատովան։

Բացի այդ, դատավոր Ելենա Կորոբչենկոյի որոշմամբ, եղբայրները 500 հազար ռուբլի տուգանք են վճարելու և 4 միլիոն 400 հազար ռուբլի հատուցում մի ընկերության, որը, ըստ դատարանի, տուժել է Նավալնիների գործողություններից։

Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի կառավարության ընդդիմախոսներ Նավալնի-եղբայրները կտրականապես հերքում են մեղադրանքը և պնդում, որ այն ներկայացվել է սոսկ քաղաքական շարժառիթներով։

Ալեքսեյ Նավալնին դատավճռի հրապարակումից հետո հրապարակավ հայտարարել է, որ ներկայիս վարչակարգը պետք է ոչնչացվի։

«Այս ռեժիմը գոյության իրավունք չունի, ես բոլորին կոչ եմ անում դուրս գալ փողոց, մնալ փողոցում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մարդկանց կտտանքների ենթարկող ռեժիմը տապալելու համար», - ասել է Ալեքսեյ Նավալնին։

Դատավճռի ընթերցման պահին Զամոսկովորեցկի դատարանի շենքի մոտ հավաքված շուրջ հարյուր քաղաքացիներ վանկարկել են «Ամո՛թ» և «Ազատությո՛ւն»։ Ոստիկաններն ամբոխին հորդորել են «չխախտել հասարակական անդորրը»։ Երկու քաղաքացի բերման է ենթարկվել։

Նավալնիների աջակիցները «Ֆեյսբուք»-ով տարածել են այսօր երեկոյան Կրեմլի մոտ բողոքի ակցիա անցկացնելու կոչ։ Մոտ 17 հազար քաղաքացիներ սոցցանցերով հայտնել են, որ կմասնակցեն ակցիային։ Իրավապահներն անմիջապես հայտարարել են, որ քաղաքի կենտրոնում արգելված է ապօրինի երթի անցկացումը։

Դատարանը երեկ է որոշել դատավճիռն ընթերցել ոչ թե հունվարի 15-ին, ինչպես ծրագրված էր, այլ դեկտեմբերի 30-ին։ Ըստ իրավապաշտպանների, դատարանն այդպես փորձել է կանխել հնարավոր բողոքի երթերը։

Նավալնիների աջակիցները պնդում են, որ դատարանը, փաստորեն, իշխանության ձեռքում պատանդ է դարձնում ռեժիմի ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնիի եղբորը` Օլեգին։

«Դուք չե՞ք ամաչում, ինչո՞ւ եք եղբորս բանտարկում, ինչո՞ւ եք այդ խոզությունն անում, դուք դրանով ուզում եք ինձ ինձ ավելի ծանր պատժել», - բացականչել է Ալեքսեյ Նավալնին, երբ ոստիկանները դահլիճից դուրս հանել Օլեգին։

«Օլեգը պատանդ է։ Ռեժիմն այդպես է աշխատում: Դե փորձիր պայքարել կոռուպցիայի դեմ, երբ եղբայրդ բանտում է», - ասել է իրավապաշտպան Իլյա Յաշինը։

38-ամյա Ալեքսեյ Նավալնին համարվում է Ռուսաստանում կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներից, 2011 և 2012 թվականներին ակտիվորեն մասնակցել է ռեժիմի դեմ բողոքի միջոցառումներին։

2013 թվականին առաջադրվել է Մոսկվայի քաղաքապետի թեկնածու։ Այդ ժամանակ Նավալնիի դեմ արդեն հարուցվել էր ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով մեկ այլ գործ, որն առչնչում էր «Կիրովլես» ընկերության կնքած պայմանագրերին։ Այդ գործով Նավալնին դատապարտվել է 5 տարվա ազազրկման, սակայն դատարանը հետագայում այն վճիռը ձևակերպել է որպես պայմանական պատժաչափ։

«Հյուման Րայթս Ուոթչ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Հյու Ուիլյամսոնն այսօր հայտարարել է, որ Օլեգ Նավալնիի երեքևկես տարով ազատազրկել են ոչ միայն նրա եղբոր` պայմանական ազատազրկման դատապարտված Ալեքսեյ Նավալնիի վրա ճնշում բանեցնելու, այլև կոռուպցիայի դեմ պայքարող և կառավարության գործողությունները քննադատող բոլոր մնացած ակտիվիստներին ահաբեկելու համար։

XS
SM
MD
LG