Մատչելիության հղումներ

logo-print

Ցեխառա՞տ, թե Գյումրի. «Հայրաքաղաքի» փողոցները թաղված են ցեխի մեջ


«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծվել է «Ցեխառատ-նախկին Գյումրի» խումբը, որի անդամները գրեթե ամեն օր ցեխի մեջ թաղված փողոցներից նոր լուսանկարներ են տեղադրում:

Կառավարությունը Գյումրիի փողոցների բարեկարգման բեռը գցում է համայնքի վրա, ասում է Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։ Նրա կարծիքով՝ քանի որ իշխանությունները դժգոհ են մնացել համապետական ընտրությունների ժամանակ Գյումրիում գրանցված արդյունքներից, գյումրեցիներից վրեժ են լուծում՝ քաղաքը թողնելով ցեխի մեջ:

Վերջերս Գյումրիի ավագանին ուղերձով դիմել էր կառավարությանը քաղաքի 6 փողոցների հիմնանորոգման համար 1 միլիարդ 200 միլիոն դրամ հատկացնելու խնդրանքով։ Սակայն կառավարությունը մերժել էր ավագանու խնդրանքը՝ հիմնավորելով, որ փող չկա:

«Եկավ [կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար] Դավիթ Հարությունյանի պատասխանը, որի մեջ ուղղակի մեզ ուղարկում էին տուն, ասում էին՝ փող չունենք տալու, ոչ էլ խոստանում էին, որ մյուս տարի կնայենք ձեր նամակը։ Վերջին պարբերությունը ամենազվարճալին էր, ասում է՝ լուծեք էդ հարցերը ձեր համայնքային բյուջեի միջոցներով»,-պատմեց Լևոն Բարսեղյանը։

Գյումրիի համայնքային բյուջեն 3 միլիարդ դրամից (մոտ 6.4 միլիոն դոլար) քիչ ավելի է, իսկ քաղաքի փողոցների հիմնանորոգման համար, ըստ հաշվարկների, կպահանջվի 80 միլիոն դոլար: Այսինքն եթե Գյումրիի փողոցների հիմնանորոգումը մնա տեղական բյուջեի հույսին, ապա 100 տարուց ավելի կպահանջվի: Գյումրիի փողոցների 85 տոկոսը քայքայված են հիմնանորագված փողոցները կարելի է մատների վրա հաշվել: Լևոն Բարսեղյանը «հայրաքաղաքին» պետական բյուջեից հատկացվող գումարները համեմատում է մայրաքաղաքի հետ։

«Երևանի փողոցների նորոգման համար 40-80 անգամ ավելի շատ գումար է հատկացվում՝ գոնե վերջին 3-4 տարիների ընթացքում։ Երբ այդ թիվը հաշվում ես բնակչության համամասնության հաշվարկով, Երևանում տասն անգամ ավելի շատ է բնակչությունը մեր քաղաքի համեմատ, մակերեսը, փողոցների ցանցի երկարությունը 10-12 անգամ ավելի շատ է, քան մեր քաղաքինը, և եթե այդ թվերը կրճատենք տասն անգամ, ինչքան կրճատում ենք, ստացվում է այսպես՝ շնչին ընկնող փողոցների նորոգման ծախսով Երևանը ստացել է 2.5-6 անգամ ավելի շատ գումար, քան Գյումրի քաղաքը»,- ասաց Գյումրիի ավագանու անդամը և առաջարկում դիմել Սփյուռքի օգնությանը։

«Շատ արդար կլինի, եթե քաղաքապետը և ավագանին ուղերձներ հղեն Սփյուռքին՝ Քըրք Քրքորյանին և շատ ուրիշ մեծահարուստների, միջազգային կազմակերպություններին դիմեն, բացատրեն քաղաքի խնդիրները, և բացատրեն, որ պետությունը միջոցներ չունի այս հարցերը լուծելու։ Մի մարաթոն էլ մեզ է պետք։ Ուրիշ ի՞նչ անենք, լավ... թե չէ քաղաքը իսկապես մահանում է»,- ասաց Լևոն Բարսեղյանը։

Գյումրիի փողոցներ մեծ մասը այժմ թաղված է ցեխի մեջ: Կան թաղամասեր, որտեղ տաքսիները հրաժարվում են սպասարկել, իսկ գյումրեցիներին էլ մնում է իրենց շարժն ապահովել կոշիկների վրա հագած պոլիէթիլենային տոպրակների օգնությամբ։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծվել է «Ցեխառատ-նախկին Գյումրի» խումբը, որի անդամները գրեթե ամեն օր ցեխի մեջ թաղված փողոցներից նոր լուսանկարներ են տեղադրում: Եվս մեկ արտառոց դեպք գրանցվեց այս տարի՝ ցեխի մեջ թաղված մեքենայի դուրս բերման համար պահանջվել է փրկարարների օգնությունը:

XS
SM
MD
LG