Մատչելիության հղումներ

Տավուշի ոստիկանության պաշտոնյաների գործը հանձնվել է դատախազին


Armenia -- Entry to a police station in Yerevan, 13Mar2011
Armenia -- Entry to a police station in Yerevan, 13Mar2011

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) ավարտվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետի և ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝ նախաքննությամբ պարզվել է, որ Իջևանի ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանը և Տավուշի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ավետիսյանը մտերիմ փոխհարաբերությունների մեջ են եղել Իջևանի բնակիչ, «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանի հետ: Այս տարվա ապրիլի 2-ին, տեղեկանալով նախորդ օրը «Իջևանատուն» համալիրի բակում տեղի ունեցած հրաձգության մասին, Ազիբեկյանը և Ավետիսյանը ժամանել են նշված համալիր: Խոջումյանից տեղեկանալով, որ նա Աշոտ Այդինյանի ուղղությամբ մարտական փամփուշտներով լիցքավորված որսորդական «Սայգա» ինքնաձիգով շուրջ 30 կրակոց է արձակել, ոստիկանության երկու պաշտոնյաները, ՀՔԾ-ի պնդմամբ, նրան օգնելու նպատակով նախ որոշել են թաքցնել դեպքը, ապա դրա հասարակական լայն արձագանքից անհանգստացած` մինչև դեպքի հաշվառումը ձեռնամուխ են եղել արհեստական ապացույցներով իրականության խեղաթյուրմանը, համալիրի սեփականատիրոջը հրահանգավորել են դեպքի վայրից վերացնել հանցագործության իրական հետքերը և ստեղծել կեղծ ապացույցներ: Ոստիկանության տարածքային բաժնում հանցագործության դեպքն օրենքով սահմանված կարգով գրանցվել է և դրան ընթացք է տրվել միայն կեղծ ապացույցների ստեղծումից հետո:

Հատուկ քննչական ծառայությունը հիշեցնում է, որ Անդրանիկ Խոջումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «խուլիգանություն զենքի գործադրմամբ», իսկ Անդրանիկ Ազիբեկյանին և Արտակ Ավետիսյանին՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»: Մինչդատական վարույթում Խոջումյանի և Ազիբեկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պատիժը չորսից մինչև յոթ տարվա ազատազրկումն է, 308-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է երկուսից մինչև վեց տարվա ազատազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG