Մատչելիության հղումներ

«Ամենաշատը ուզում եմ, որ իմ տունը վերանորոգվի»


Սվետա Գալստյանը Վարդաշենի հանրակացարան է տեղափոխվել գիշերօթիկում սովորող և ապրող երկու երեխաներին մոտ լինելու համար։

Քարակերտ գյուղում նրա տունը բնակության համար այլևս պիտանի չէ: «Ո՛չ դուռ ունի, ո՛չ լուսամուտ», - ասում է կինը։

Տունը վերանորոգելու խնդրանքով նա դիմել է մասնավոր ընկերությունների, անհատ բարերարների, բայց մերժվել է։ Հանրապետության նախագահին էլ նամակ է գրել: Այն մարզպետարան են ուղարկել, որտեղից Սվետլանային 20 հազար դրամ են փոխանցել։

«20 հազարը բերել եմ։ Ի՞նչ եմ առել՝ մակարոն, ձեթ, ճաշի պրադուկտ առել եմ, մի շաբաթվա ուտելիք էլ չի եղել։ Էսօր մտնում ես խանութ ի՞նչ ես առնում։ Եթե մի ձուն լինի 100 դրամ կամ 75 դրամ, էլ որտեղ պահես երեխա», - սրտնեղեց կինը:

Վեց երեխաներից երկուսն արդեն չափահաս են և իրենց ընտանիքներն ունեն։ Մյուսներին պահելու համար Սվետլանան 36 հազար դրամ անապահովության նպաստ է ստանում։ Եվս 19 հազար դրամ պետությունը վճարում է պարբերական հիվանդություն և նյարդային խնդիրներ ունեցող 14-ամյա Կարենի համար։

Սվետան նշում է, որ այս գումարը չի բավականացնում՝ հատկապես վերջին թանկացումների ֆոնին․ - «18 հազար դրամ մենակ էդ հացի խանութին փող եմ պարտք։ Էսօր ուղարկել եմ հացը բերելու, չի տվել։ Ճիշտ ա, ոչ մեկը պարտավոր չեն, բայց թող պետությունը լավ հասկանա, որ կան կարիքավոր ընտանիքներ։ Թանկացումներ չանեն։ Անեն էժանացում, որ մարդիկ կարողանան գոյատևեն։ Տղա երեխա են, պիտի գնան հայ ազգին ծառայեն։ Ինչ սնունդ են ուտում, ինչ ապրումներ ունեն, որ ես ուղարկեմ երեխա ծառայի», ։

Նախկինում նա աշխատել է, բայց հիմա 3-ամյա փոքրիկին ոչ մեկի խնամքին չի կարողանում թողնել։ Երեխայի հայրը Ռուսաստանում է որոշ ժամանակ աշխատել, բայց այնտեղից բավարար գումար չի կարողացել բերել։ Ֆինանսական վեճերի պատճառով Սվետան ամուսնուց բաժանվել է․ - «Փող չի բերել մի կոպեկ։ Մինչև հիմա էսօր-էգուց, էսօր-էգուց, էդ գումարը չեն ուղարկում։ Գնում են ուրիշ երկրներ աշխատելու, ըտեղ էլ են քաշում»։

Տղաներն այս Նոր տարին գիշերօթիկում են անցկացնելու. այնտեղ արդեն տոնածառ են զարդարել։ Նրանք սկզբում չեն ցանկացել Ձմեռ պապիկին նամակ գրել՝ ամաչել են։ Բայց երբ բոլորի նամակները հավաքել էին, իրենք էլ իրենցն են տվել։

«Էս տարի գրել եմ, որ մեր ընտանիքին հաջողություն, ուրախ Նոր տարի լինի։ Ամենաշատը ուզում եմ, որ իմ տունը վերանորոգվի։ Ես կարողանամ գնամ, էնտեղ ապրեմ, լավ լինի», - ասաց Կարենը։

Հանրակացարանի սենյակն ու գույքը ընտանիքին չի պատկանում։ Սվետան երեխաների հետ մի քանի ամիս այստեղ անհատույց բնակվել է, բայց տերն այժմ այն որոշել է վարձով տալ․ - «Նպաստս 36 հազար դրամ ա, որից 30 հազարը պիտի տամ էս տան վարձը։ Չէ՝ պիտի երեխեքիս առնեմ, գնամ էս ձմեռվան նստեմ որևիցե մի հրապարակի, մի ծառի տակ, գոնե լուսացնեմ։ Ես չեմ կարա, ի վիճակի չեմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG