Մատչելիության հղումներ

Վարչապետն այցելել է սահմանամերձ համայնքներ և դիրքեր


Հովիկ Աբրահամյանը Տավուշի մարզի զորամասերից մեկում, արխիվ

Հովիկ Աբրահամյանը Տավուշի մարզի զորամասերից մեկում, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ուղղաթիռով ժամանեց Տավուշի մարզ:

Ուղղաթիռով այսօր Տավուշի մարզ այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախ հանդիպեց սահմանամերձ Այգեհովիտ գյուղի բնակիչներին։ Կառավարության վերջին նիստում գործադիրը հավանության էր արժանացրել Այգեհովիտ համայնքի համար ոռոգման ջրի վարձավճարի 50 տոկոս զեղչելու հարցը։ Վարչապետն այգեհովիտցիներին հավաստիացրեց, որ նրանց խնդիրները մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում են:

Նշելով, որ հատկապես սահմանամերձ համայնքների բնակչության միասնականությունը զգացվեց օգոստոսի լարված օրերին՝ վարչապետն ասաց․ - «Եվ մենք փորձեցինք մեր միասնականությամբ ևս մեկ անգամ ապացուցել մեր թշնամուն, որ մենք կուռ ենք, միասին ենք և ամուր ենք»:

Վարչապետի խոսքով, եթե կան քաղաքական տարաձայնություններ, ապա դրանք միայն քաղաքական հարթակում են․ - «Երբ որ կա պետության, ժողովրդի անվտանգության խնդիրը, մեր ժողովուրդը միասնական է: Ինչ վերաբերում է սահմանապահ համայնքներին աջակցելուն, դուք միշտ հիշեք, ամեն տարի պետության բյուջեի լավացման պայմաններում ավելի մեծ հատկացումներ են լինելու սահմանապահ համայնքներին»:

Գործադիրի ղեկավարը նշեց, որ սահմանամերձ գյուղերի հոգսերը հոգալու համար ժամանակ է անհրաժեշտ․ - «Ամեն տարի մենք բարելավելու ենք ձեր սոցիալական պայմանները, խնդիրներին տալու ենք լուծում»:

Հովիկ Աբրահամյանը գյուղացիներին ասաց, որ նրանց օգնելու ցանկությունը շատ է, ուղղակի հնարավորություններն են սահմանափակ՝ հավելելով, որ 2014 թվականը մեր պետության ու ժողովրդի համար մարտահրավերների տարի էր, սակայն իրենք հաղթահարեցին դրանք:

Այգեհովիտի գյուղապետ Լևոն Գրիգորյանը վարչապետին խնդրեց նորոգել գյուղ մտնող 5 կիլոմետրանոց ճանապարհը, որն ըստ գյուղապետի՝ ռազմավարական նշանակություն ունի։ Վարչապետը խոստացավ հանձնարարել տրանսպորտի և կապի նախարարությանը՝ ուսումնասիրել, թե որքան կարժենա ավտոճանապարհի նորոգումը, այնուհետև համայնքին տեղյակ պահել ճանապարհի նորոգման աշխատանքների և ժամկետների մասին։

Վարչապետը համոզմունք հայտնեց, որ աշխատատեղերի բացման մասով 2015 թվականին սահմանամերձ համայնքներում առաջընթաց կգրանցվի։ Աբրահամյանը վստահ է, որ 2015 թվականը պետության, կառավարության համար լինելու է ձեռքբերումների տարի։

Այգեհովիտցիներն ընդհանուր առմամբ գոհ էին, որ կառավարությունն իրենց գյուղը ներառել է արտոնություններից օգտվող համայնքների ցանկում։

Գյուղացիներին հրաժեշտ տալիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը 1 միլիոն դրամ նվիրաբերեց Իջևանի արվեստի դպրոցի պարի համույթի սաներին՝ Ամանորի նվերների համար։

Այնուհետև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, Արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի ուղեկցությամբ այցելեց հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված հայ-ադրբեջանական սահմանագոտի։

Վարչապետը եղավ դիրքերում, զրուցեց մարտական հերթապահություն իրականացնող զինվորների ու սպաների հետ։ Վարչապետը վստահություն հայտնեց, որ սահմաններն ամուր ձեռքերում են։

Անդրադառնալով այս տարվա ամռանը Քարվաճառի շրջանում սահմանը հատած երկու ադրբեջանցիների նկատմամբ Լեռնային Ղարաբաղի դատարանի վճռին՝ Հովիկ Աբրահամյանն արդարացի որակեց դատավճիռը։

«Մարդիկ են, ովքեր փորձում են խաղաղ բնակիչներին, կոպիտ ասած, սպանել և դրանց իրոք հասնում է նաև նման վճիռ և ես կարծես թե ուրախ եմ, որ նման մարդիկ նման արժանի պատիճ են կրում», - ասաց վարչապետը:

Կառավարությունը նաև նվերներ էր պատրաստել սահմանային հենակետում հերթապահող զինվորների համար, բացի այդ, վարչապետի միջնորդությամբ ժամկետային երկու զինծառայող Ամանորի տոներից հետո կմեկնեն արձակուրդ։

XS
SM
MD
LG