Մատչելիության հղումներ

Ուկրաինան արդեն հնարավորություն ունի միանալու ռազմաքաղաքական դաշինքների


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո

Ուկրաինայի նախագահը այսօր տարեկան ասուլիսի ընթացքում ստորագրել է չմիավորման կարգավիճակից հրաժարվելու մասին Գերագույն Ռադայում ավելի վաղ ընդունված որոշումը, որն արդեն հնավորություն է տալիս միանալու ռազմաքաղաքական դաշինքների, մասնավորապես, ՆԱՏՕ-ին:

«Ես պլանավորել եմ և հիմա ստորագրում եմ օրենքը»,- ասել է Պորոշենկոն և լրագրողների աչքի, տեսախցիկների ու ֆոտոխցիկների առաջ ստորագրել այն:

Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը Ուկրաինայում հանրաքվեի կդրվի առաջիկա 5-6 տարիների ընթացքում:

«Երբ Ուկրաինան համապատասխանի անհրաժեշտ չափանիշներին, իսկ ես կարծում եմ՝ դա տեղի կունենա 5-6 տարվա ընթացքում, «Ռազմավարություն 2020-ի» շրջանակներում, այն ժամանակ Ուկրաինայի ժողովուրդը կկողմնորոշվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Առաջիկա գլխավոր իրադարձությունների մասին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր ասել է, որ իր դիվանագիտական տարին սկսվելու է հունվարի 15-ին՝ Աստանայում, ուր հանդիպելու է Ռուսաստանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների հետ:

Նա նշել է, որ հանդիպումներն անցկացվելու են «նորմանդական ֆորմատով»: Հիշեցնեմ, այս տարի Նորմանդիայում այս նույն երկրների ղեկավարները քննարկեցին ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու ուղիները:

Պորոշենկոն ասել է, որ գալիք տարի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն երկրի արևելքում խաղաղության հաստատելու և ինքնիշխանությունը վերականգնելու համար՝ նշելով, որ դա պետք է արվի բացառապես Մինսկի համաձայնագրի հիման վրա:

Պորոշենկոն հայտարարել է, որ փետրվարին, երբ պաշտոնակ արվեց նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Ուկրաինան իր պատմության մեջ երկրորդ անգամ անկախություն նվաճեց:

Նա նշել է, որ 2014-ին Ուկրաինան շատ մարտահրավերների է դիմակայել, այդ թվում ռուսական ագրեսիային ու Եվրասիական տնտեսական միությանը Ուկրաինային ներքաշելու փորձերին։

Պետրո Պորոշենկոն Ուկրաինայի մեծահարուստ մարդկանցից մեկն է: «Ֆորբսը» նրա կարողությունները գնահատում է 1 միլիարդ 300 միլիոն դոլար: Նա հրուշակեղենի «Ռոշեն» ընկերության սեփականատերն է, որը հիմա հանձնված է կառավարման։ «Ռոշենը» հնարավոր է վաճառվի: Պորոշենկոյին է պատկանում նաև ուկրաինական «5-րդ ալիք» հեռուստընկերությունը։ Այսօր նա ասել է, որ հեռուստաընկերության բաժնետոմսերը չի վաճառի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG