Մատչելիության հղումներ

Ադրբեջանում հարցաքննում են «Ազատության» հետ առնչված անձանց


«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի 12 աշխատակիցներ բերման են ենթարկվել
please wait

No media source currently available

0:00 0:02:44 0:00

Դատախազությունը հարցաքննել է 25 լրագրողի։

«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի բերման ենթարկված աշխատակիցների հարցաքննությունը շարունակվում է:

Առանց ծանուցագրերի, առանց քրեական գործի մասին տեղյակ պահելու լրագրողներին ժամեր շարունակ հարցաքննում են դատախազության ծանր հանցագործությունների վարչությունում:

Ռադիոկայանի աշխատակիցների փոխանցմամբ՝ մինչ այս պահը հայտնի չէ, թե ինչ նպատակով են լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակում դատախազությունում: Ի դեպ, լրագրողները դատախազություն բերման են ենթարկվում վկայի կարգավիճակով:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ, մինչ այս պահը դատախազությունը հարցաքննել է 25 լրագրողի և հիմա հերթն արդեն հասել է արտահաստիքային թղթակիցներին և նրանց, ովքեր երբևէ շփումներ են ունեցել ռադիոկայանի լրագրողների հետ:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կոորդինատոր և խմբագիր Զեյնալ Մամմադլին ասել է, թե հարցաքննությունները տեղի են ունենում առանց փաստաբանների: Նա հայտնել է մտավախություն իր գործընկերների կյանքի, մասնագիտական հետագա գործունեության, ապրելու պայմանների առնչությամբ:

«Ամերիկայի ձայնի» հարցին, թե ի վերջո ինչո՞ւ են բոլոր լրագրողներին, անգամ արտահաստիքային աշխատակիցներին հարցաքննում ժամերով՝ «Ազատության» Բաքվի գրասենյակի ներկայացուցիչը պատասխանել է, թե ադրբեջանական իշխանությունը ռադիոկայանը դիտարկում է որպես ոչ պետական կազմակերպություն:

Նախքան այս հարցաքննությունները իրավապահները կնքել էին ռադիոկայանի գրասենյակի դուռը, առգրավել կնիքը, փաստաթղթերը, արքավորումները:

««Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի փակումը հերթական անգամ առաջացնում է անհանգստություն Ադրբեջանում խոսքի ազատության և արտահայտվելու իրավունքի կարգավիճակի առնչությամբ»,- նշված է Եվրոպայի խորհրդի հաղորդագրության մեջ:

«Եվրոպայի խորհուրդը Ադրբեջանի իշխանությունից կպահանջի բացատրություն և իրավական հիմնավորում՝ վերջին իրադարձությունների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը, Միացյալ Նահանգների Հեռարձակման կառավարիչների խորհուրդը ևս դատապարտել են վերջին իրադարձությունները:

ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Դանիել Բաերը «Թվիթեր»-ում գրել է.- «Ազատ մամուլի նկատմամբ հետապնդումները թույլ, անվստահելի, կոռումպացված կառավարության պահվածք են»։

Պայքար «Թվիթեր»-ում

Այս քննադատությանն ի պատասխան Ադրբեջանի իշխանությունը ոչ թե ջանում է փոխել իրավիճակը, այլ հակադարձում։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը ևս ներգրավվել է Ադրբեջան-Արևմուտք թվիթերյան պայքարին և գրել.- «Պարոն Բաերն իր կանխակալ հայտարարություններով փորձում է սեպ խրել Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև»։

Իլհամ Ալիևի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովն էլ տեղակ է պահել, թե չի «վախենում Արևմուտքից»։ Նա հետապնդումների առնչությամբ միջազգային արձագանքին ի պատասխան ԱՄՆ-ին և Եվրամիությունն է մեղադրել «էթիկան խախտելու համար»։

«Նրանք, ովքեր լուրջ խնդիրներ չեն տեսնում իրենց երկրներում, ոչ մի իրավունք չունեն քննադատել մեզ»,- ասել է Հասանովը և ավելացրել, թե Ադրբեջանն անկախ պետություն է, ապա սպառնացել, թե անհիմն մեղադրանքները պատասխան կստանան։

Ալիևի մամուլի խոսնակն իր հերթին հայտարարել է, թե ոչ մի ապօրինի բան չկա «Ազատություն» ռադիոկայանի նկատմամբ տեղի ունեցող վերջին իրադարձությունների շրջանակներում:

Քիչ առաջ Ադրբեջանի վարչապետը հայտարարել է, թե միջազգային արձագանքը կողմնակալ է: Պնդել է, թե լուրջ հիմքեր եղել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գրասենյակը փակելու համար, սակայն պատճառն ու փաստերը հրապարակավ չհրապարակելու իր նախընտրությունը մեկնաբանել է նախաքննության շարունակությամբ:

Ի դեպ, «Ազատության» ադրբեջանական ծառայության լրագրողները մինչ օրս չեն տեսել դատարանի որոշումը՝ ռադիոկայանի մասնաճյուղի փակման վերաբերյալ: Այսպիսով, անհայտ են մնում ռադիոկայանի գրասենյակի փակման իրական հիմքերը:

XS
SM
MD
LG