Մատչելիության հղումներ

Հրատարակիչները մտահոգված են․ ԵՏՄ-ն նաև մշակութային սահմանափակումներ է նախատեսում


Իրավապաշտպանը նկատում է, որ նորից հայտնվում ենք «երկաթե վարագույրի» ոչ շահեկան կողմում»:

Եվրասիական տնտեսական միություն մտնելով Հայաստանը ոչ միայն տնտեսական՝ այլև մշակութային սահմանափակումների առջև է կանգնելու, քանի որ արգելվելու է մի շարք տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության ներմուծումը, արտահանումը և տարանցումը Եվրասիական տնտեսական միության տարածքից և տարածքով:

«Սա տնտեսակա՞ն, թե՞ մշակութային միություն է», - հարց է բարձրացնում «Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ մտահոգություն հայտնելով, որ այս արգելքներով արդեն իսկ սահմանափակվում է մարդու ազատ մտածելու իրավունքը:

«Սա տնտեսական միություն է, մշակութային չէ, ճի՞շտ է, եկեք մշակույթին ձեռք մի տվեք: Հատկապես խոսքի ազատությանը, մարդու իրավունքներին, որովհետև դրանք տնտեսական հարցեր չեն», - ասաց Մարտիրոսյանը:

ԽՍՀՄ-ի տարիներին այլակարծության համար ազատազրկված իրավապաշտպան Վարդան Հարությունյանի համար ամենևին զարմանալի չէ, որ պուտինյան պատկերացումներով ստեղծվող ռուսական կայսրությունում մարդու ազատ միտքը սահմանափակվելու է:

«Էդ կառույցում չէր կարող չարգելվեր ազատ միտքը, և չեն կարող արգելքներ չդրվեն այնպիսի գաղափարների շրջանառության վրա, ինչպիսիք են ազատ մտածողությունը, գրականությունը, որը բերում է ազատ միտք և այլն», - նշեց Հարությունյանը:

Կառավարության որոշման մեջ հստակեցված չէ՝ ինչ արգելքների մասին է խոսքը: Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում էր տեղադրել իր կայէջում, որտեղ նույնպես արգելքների մասին հստակ ձևակերպումներ չկան: Մինչդեռ փաստաթղթի ռուսերեն տարբերակում սևը սպիտակ վրա ամեն ինչ հստակ նշված է․ - «Արգելվում են այնպիսի տպագիր և տեսալսողական նյութերը, որոնք պարունակում են այնպիսի տեղեկատվություն, որը կարող է վնաս պատճառել մաքսային միության անդամ պետությունների քաղաքական կամ տնտեսական շահերին, պետական անվտանգությանը, ինչպես նաև քաղաքացիների առողջությանն ու բարոյականությանը»:

«Անտարես» հոլդինգի տնօրենը այստեղ հիշում է ԵՏՄ անդամ Ղազախստանի նախագահի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի մասով և հարց է բարձրացնում՝ եթե Նուրսուլթան Նազարբաևի մոտեցումները տպագրվեն որևիցե գրքում՝ արդյոք այս արգելքները սահմանողները կհիշեն հայերի քաղաքական շահերի մասին:

Նմանատիպ օրինակները, ըստ Մարտիրոսյանի շատ են: Եվ դրանցից մեկն էլ անմիջապես կապ ունի հենց իր հրատարակչության հետ:

«Վրաց-ռուսական պատերազմի մասին Ասմուսը գիրք էր գրել, և մենք հրատարակել ենք: Հիմա ի՞նչ անենք, էդ գիրքը արգելված է, չե՞մկարող Լեհաստան ուղարկեմ, կամ Չեխիա ուղարկեմ», - նշեց Մարտիրոսյանը:

Արգելված են նաև նացիստական ատրիբուտները կամ շփոթության չափ դրանց նմանվող խորհրդանիշները պրոպագանդող տեղեկատվությունը: Արմեն Մարտիրոսյանը մատնանշում է, որ, օրինակ, Նորավանքի սուրբ Աստվածածին եկեղեցու վրա փորագրված է խորհրդանիշ, որը սվաստիկա է հիշեցնում: Հարկ է նշել, որ տարբեր ժողովուրդների մշակույթներում սվաստիկան խորհրդանշում է արև, կյանք, լույս:

«Իսկ սա նշանակում է, որ, եթե, օրինակ, Իտալիայում տպագրվել է Նորավանքի մասին որևէ այլ բան, սա էս օրենքի համաձայն՝ չի կարող մտնել Հայաստան», - ընդգծեց Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը նաև հիշեցնում է Հանրապետական կուսակցության անդամներին, որ Գարեգին Նժդեհը ժամանակին համագործակցել է գերմանացիների հետ՝ հուսալով նրանց միջոցով Հայաստանն ազատագրել ԽՍՀՄ-ից:

«Եթե որևէ մեկը կարդացել է Հանրապետական կուսակցության գաղափարախոսությունը, որը Նժդեհից է վերցված, սա լրիվ էդ գաղափարների տակ է ընկնում, այսինքն, պարոնայք, դուք խնդիր ունեք հրապարակվելու, հրատարակվելու», - ասաց «Անտարես» հոնլդինգի տնօրենը:

Հայաստանում չկա զարգացող գիտություն, չկա շահութաբեր արդյունաբերություն, հավելում է Մարտիրոսյանը: Ըստ նրա, այս արգելքների կիրառման պատճառով կտուժի նաև թարգմանչական գործը․ - «Միակ ճանապարհը մնում է թարգմանությունը, իսկ թարգմանության համար պետք է այդ գրքերը գան էստեղ: Մենք սրանով մի հատ էլ ենք մեր հերն անիծում, ի՞նչ ենք ուզում»:

Հեռու անցյալում չեն երկաթե վարագույրի ժամանակները, որից այն կողմ արևմտյան մի շարք գրողներ պարզապես մուտք չունեին, իսկ նրանք ովքեր փորձում էին ազատ ստեղծագործել վարագույրի այս կողմում՝ ԽՍՀՄ-ում, հալածվում, արտաքսվում էին:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նկատում է՝ նորից հայտնվում ենք «երկաթե վարագույրի» «ոչ շահեկան կողմում»:

«Տխուր կողմում, վատ կողմում, էն կողմում, որում որ արգելքներ են դրվում: Կյանքը կդառնա ավելի հետաքրքիր, իսկ երազանքները ավելի հեռավոր», - կես կատակ, կես լուրջ ասում է իրավապաշտպանը:

Շարունակելով միտքը՝ «Անտարես» հոլդինգի ղեկավարն էլ եզրահանգում է՝ դինոզավրի մասին պատմող գիրքը թերևս մոտ ապագայում կդառնա ԵՏՄ տարածքում ամենաակտուալ գիրքը:

XS
SM
MD
LG