Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի դիվերսանտներից մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը՝ 22 տարվա ազատազրկման


Դիլհամ Ասկերովը ԼՂ դատարանում, արխիվ

Դիլհամ Ասկերովը ԼՂ դատարանում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ԼՂ սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամներից մեկին դատապարտել է ցմահ, մյուսին՝ 22 տարվա ազատազրկման։

«Արցախպրեսը» հայտնում է, որ այսօր հրապարակած դատավճռի համաձայն՝ Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով լրտեսության, առանց պատշաճ թույլտվության ԼՂ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, ազգային ատելության շարժառիթով սպանության մեջ։

Շահբազ Գուլիևը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով լրտեսության, առանց պատշաճ թույլտվության ԼՂ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն կիրառելով՝ զենքի գործադրմամբ, ինչպես նաև ուրիշին պատկանող գույքի գաղտնի հափշտակման մեջ։

Գուլիևը և Ասկերովը վճիռը կարող են մեկամսյա ժամկետում բողոքարկել Վերաքննիչ դատարանում։ Ասկերովը՝ որպես ցմահ դատապարտյալ, հնարավորություն ունի ներման խնդրագրով դիմել Ղարաբաղի նախագահին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG