Մատչելիության հղումներ

Պետբյուջեից 23 միլիոն դրամ է հատկացվել մասնավոր ընկերությունների՝ հեռուստախաղերի արտոնագրեր գնելու համար


Պետբյուջեից 23 միլիոն դրամ է հատկացվել երկու մասնավոր ընկերությունների՝ հեռուստախաղերի ընդամենը մեկ տարվա արտոնագրեր ձեռք բերելու համար:

Ամանորին ընդառաջ հայրենի կառավարությունը տպավորիչ անակնկալ մատուցեց․ հարկատուների միջոցներով ձևավորված պետբյուջեից 23 միլիոն դրամ կամ այսօրվա փոխարժեքով ավելի քան 31 հազար ԱՄՆ դոլար հատկացրեց երկու մասնավոր ըներությունների՝ հեռուստախաղերի ընդամենը մեկ տարվա արտոնագրեր ձեռք բերելու համար:

Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Կրթության և գիտության նախարարությունը, և ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց նախարար Արմեն Աշոտյանը՝ 8 միլիոն դրամ հատկացվել է «Արմենիա Թի-Վի» հեռուստաընկերությանը՝ բրիտանական «Ամենախելացի» ինտելեկտուալ խաղի արտոնագիրը գնելու նպատակով, և 15 միլիոն դրամ տրամադրվել է «Փի-Արտ» ընկերությանը՝ ռուսաստանյան «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» հեռուստախաղի մեկ տարվա արտոնագիրը ձեռք բերելու համար:

Հարցին, թե ինչո՞ւ են որոշել հարկատուների հաշվին մասնավոր ընկերությունների համար գնել հեռուստախաղերի արտոնագրեր, որոնք այնուհետև ցուցադրվելու են մասնավոր հեռուստաընկերություններով, Աշոտյանը արձագանքեց․ - «Մեր հեռուստադիտողները պարբերաբար ահազանգում են, որ եթերում, բոլոր ալիքներում պակասություն կա կրթական, ինտելեկտուալ հաղորդումների»:

Հեռուստադիտողների ահազանգը փոխանցելուց հետո նախարարը անչափ ուշագրավ ևս մեկ տեղեկություն հայտնեց․ պարզվում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի արտոնագիրը պետբյուջեն գնում է արդեն մոտ տասը տարի, բայց թե այդ տարիների ընթացքում որքան գումար է ծախսվել հարկատուների հաշվին, նախարարը չնշեց:

Փոխարենը, հիշեցնենք, որ անցած տարի նոյեմբերին կառավարությունը այդ նպատակով 12 միլիոն դրամ էր հատկացրել:

«2005 թվականից «Արմենիա» հեռուստաընկերության հետ կառավարությունը աշխատում է և օգնում է այդ հեռուստաընկերության հետ միասին եթեր արձակել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ամենապոպուլյար ու տարածված միջազգային ինտելեկտուալ ֆորմատը, որի շնորհիվ նաև մեր գիտակները հնարավորություն ունեն ներկայացնելու Հայաստանը աշխարհի և Եվրոպայի գավաթներին և առաջնություններին: Այն որոշումը հերթական էր՝ հաջորդ տարվա համար նույն աջակցությունն է: Ծրագիրը շատ ավելի թանկ է, քան բուն լիցենզիան։ Կառավարությունը օգնում է ձեռք բերել լիցենզիան, իսկ մնացյալ բոլոր ծախսերը հոգում է հեռուստաընկերությունը»:

Մեջբերենք կառավարության պատրաստած հիմնավորումներից․ - «Հասարակության շրջանում գիտելիքների մակարդակի բարձրացման նպատակով նախատեսվում է իրականացնել մի շարք ինտելեկտուալ միջոցառումներ», «Երեխաների մտահորիզոնը և տրամաբանական մտածողությունը ընդլայնելու, ինչպես նաև սահմանափակ ժամանակահատվածում արագ կողմնորոշվելու հմտություն սովորեցնելու նպատակով»:

Նշենք, որ «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» հեռուստախաղին բազմիցս մասնակցել են Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և այլ պաշտոնյաներ:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը, ով իր համախոհների հետ տարիներ շարունակ պայքարում է Հայաստանում գիտությանը հատկացվող ֆինանսավորումը մեծացնելու համար, չհամաձայնեց կառավարության հիմնավորման հետ, թե այս ճանապարհով հասարակության շրջանում հնարավոր կլինի բարձրացնել գիտելիքների մակարդակը:

«Բուն խաղին ես շատ լավ եմ վերաբերում, որովհետև հետաքրքիր է և այլն: Բայց արդյունավետությունը դրա գիտելիքի տարածման տեսակետից, եթե պետական մոտեցում ցուցաբերենք, բնականաբար, զրոյական է համարյա: Որովհետև բոլոր դեպքերում դրանք զվարճալիքների ոլորտից են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իշխանյանը:

Նա նշեց երկու թիվ՝ այսօր Հայաստանում գիտաշխատողների միջին աշխատավարձը շուրջ երկու անգամ ցածր է միջին աշխատավարձից և կազմում է մոտ 70 հազար դրամ: Երկրորդ՝ գիտելիքահենք տնտեսություն ձևավորել խոստացող Հայաստանի իշխանությունները գիտությանը հատկացնում են ՀՆԱ-ի շուրջ 0.3 տոկոսը, մինչդեռ զարգացած գիտություն ունեցող երկրներում այդ թիվը միջինում կազմում է 2 տոկոս, իսկ, օրինակ, Իսրայելում 4.6 տոկոս է:

«Հայաստանում գիտելիքահենք տնտեսություն ունենալու համար մեզ անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի գիտությանը տրամադրել ՀՆԱ-ի առնվազն 1 տոկոսը»,- ընդգծեց պրոֆեսորը:

Հարցին, թե ինչ արդյունք է տվել իրենց մի քանի տարվա պայքարը, և իշխանություններն ինչպես են արձագանքում գիտության ֆինանսավորումը մեծացնելու իրենց խնդրանքին, Իշխանյանը պատասխանեց․ - «Տիրում է լռություն: Պատասխան չկա»:

XS
SM
MD
LG