Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաքական ուժերը տարբեր ծրագրեր ունեն իշխանափոխության համար


Քաղաքական մի շարք ուժեր հաջորդ տարի իշխանափոխություն իրականացնելու ծրագրեր ունեն։

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու երկրորդ նախագիծն է ներկայացրել Ազգային Ժողովի պատգամավորներին: Նախկինի անհաջողությունից հետո այս անգամ նա այն դրել է պաշտոնական շրջանառության մեջ։

«Այսպես, թե այնպես հարցը Ազգային ժողովում քննարկվելու է, և եթե այն ժամանակ չհաջողվեց քննարկման հասցնել, այս անգամ կքննարկվի»,- ասաց Փաշինյանը։

Ըստ ընթացակարգի հարցը կքննարկվի ԱԺ գարնանային նստաշրջանում։ Նախ գլխադասային հանձնաժողովում, ապա լիագումար նիստում։

Մոտ մեկ ամիս առաջ Փաշինյանի՝ նախագահին պաշտոնանկ անելու 8 կետանոց նախագծին ավելացել է ևս մեկը։ Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի սպառնալիքը, թե անձամբ կկտրի նախագահին «բան ասողի ականջները», ըստ պատգամավորի, հակասում է Սահմանադրությանը, մինչդեռ Սերժ Սարգսյանը չի կատարել իր ծառայողական պարտականությունները, չի պատժել սահմանադրական կարգի դեմ ուղղված հայտարարության հեղինակին։

Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու առաջին նախաձեռնությանը չմասնակցած ուժերը իշխանափոխությանը այլ կերպ են պատրաստվում։

«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հունվարի 20-ին խորհրդաժողով է հրավիրում՝ հետագա քայլերը որոշելու համար։

Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ օրերս «iLur.am» կայքի հետ զրույցում հայտարարել է, որ նոր տարվա տոնակատարություններից հետո անմիջապես լծվելու են իշխանափոխության գործին։

«Ես վստահ եմ, որ եթե համաժողովրդական շարժման գործընկեր քաղաքական ուժերը կատարեն ճշգրիտ քայլեր, մենք շատ արագ կհասնենք նպատակին»,- ասել է Զուրաբյանը:

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով էլ, եթե բոլոր ոչ իշխանական ուժերը իսկապես իշխանափոխություն են ցանկանում, ապա պետք է միանան Փաշինյանի նախաձեռնած իմպիչմենտի գործընթացին։

«Նրանք ոչ միայն պետք է հայտարարեն, բազմիցս հայտարարել են, այլ պետք է ստորագրեն այդ փաստաթղթի տակ», - ասաց Փոստանջյանը:

Փոստանջյանի խոսքով, Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու` Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 9 պատճառներին պետք է ավելացվեն առնվազն երեքը, որոնցից առաջինը Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումն է։

«Երկրորդը 2013 թվականի ընտրություններն էին։ Սերժ Սարգսյանը բռնազավթմամբ է ձեռք բերել այս իշխանությունը և փաստացի կատարել է ծանր հանցագործություններ։ Երրորդը՝ մադրիդյան սկզբունքների վերաբերյալ հռչակագրի ստորագրումն է»,- ասաց Փոստանջյանը։

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ընդունել բոլոր առաջարկները, ավելին՝ եթե լինեն Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու այլ նախագծեր, պատրաստ է դրանց էլ միանալ, կարևորը, ասում է, որ հարցը մտնի ԱԺ օրակարգ, քանի որ դա նախագահին պաշտոնից հեռացնելու միակ օրինական ձևն է։

«Մենք անընդհատ ԱԺ-ի ամբիոնից, քաղաքական ամբոններից, տարբեր տեղերից լսում ենք, որ հանցագործ իշխանություն է, Սերժ Սարգսյանը հանցագործ է, որ պետք է ժամ առաջ նրանից ազատվել, որ նրա պաշտոնավարության ամեն օրը, ամեն վայրկյանը աղետ է Հայաստանի համար։ Բայց մենք գնո՞ւմ ենք կոնկրետ գործողությունների, թե չենք գնում։ Հակառակ դեպքում կստացվի, որ մենք ուղղակի ասում ենք ասելու համար»,- նկատում է ընդդիմադիր պատգամավորը։

Փաշինյանը չի ցանկանում կանխատեսել, թե ինչ արդյունքներ կունենա քննարկումը և քվեարկությունը։ Նրան հիշեցրինք՝ նախորդ նախաձեռնության ժամանակ ոչ իշխանական ուժերը հայտարարել էին, որ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ մեծամասնություն չկա, ուստի իրենք չեն միանում։ Պատգամավորի խոսքով, եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա շրջանառության պետք է դնել միայն անցնող օրինագծերը.- «Թող ասեն՝ իրենք ինչ են առաջարկում»։

XS
SM
MD
LG