Մատչելիության հղումներ

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) վարույթ է ընդունվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:

Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով դատավորին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր վարույթում գտնվող քաղաքացիական գործով որոշում է կայացրել քաղաքացի Ս. Կ.-ի հիմնադրած սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը սնանկ ճանաչելու վերաբերյալ: «Սնանկության հետագա գործընթացում ինչպես իր լիազորությունների շրջանակում Ս. Կ.-ի օգտին գործողություններ կատարելու, այնպես էլ պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունն օգտագործելով վերջինիս օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գրավադրված անշարժ գույքը աճուրդի եղանակով օտարելու գործընթացը երկարաձգելու, այդ կերպ` Ս. Կ.-ին շահավետ պայմաններով գրավադրված գույքը ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու դիմաց դատավորը պահանջել և Ս. Կ.-ից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 20 հազար ԱՄՆ դոլար կաշառք, որից անմիջապես հետո տեղում բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից», - ասված է ՀՔԾ-ի այսօրվա հաղորդագրությունում:

Դատավորի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Լոռու մարզի դատավոր Խաչատուր Խաչատրյանը, հիշեցնենք, ձերբակալվել է դեկտեմբերի 25-ին, իսկ հաջորդ օրը Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդություն է ներկայացրել Արդարադատության խորհուրդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG