Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների շրջանում Պուտինի վարկանիշը դեռ բարձր է


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

«Ղրիմը մերն է» կարգախոսը, սակայն, առաջիկայում կարող է բացասական զգացմունքներ առաջացնել երկրում, ասում են փորձագետները:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման ռուսաստանյան կենտրոնի տվյալներով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշն այսօր 85 տոկոս է՝ այն պարագայում, երբ հունվարին այն 65 տոկոս էր:

Ընդ որում, Պուտինի բարձր վարկանիշի վրա չի ազդել նույնիսկ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ռուբլու անկումը: Հետաքրքիր է, որ Օլիմպիական խաղերից հետո, որոնք այս տարի անցան Սոչիում, Պուտինի վարկանիշը չէր բարձրացել և Ղրիմի միացումից հետո է կտրուկ աճել ու չի նվազում:

«Ռուսական հեռուստաընկերություններն իրենց գործն արել են, և այսօր ռուսաստանցիների մեծ մասը զգում է, որ Ռուսաստանը շրջապատված է թշնամիներով, ուրեմն՝ պետք է միավորվել ազգային առաջնորդի շուրջ: Սրանով է պայմանավորված Պուտինի բարձր վարկանիշը՝ չնայած երկրում տնտեսական ճգնաժամ է», - այսպես է բացատրում ռուսաստանցիների տրամադրությունները «Քարնեգի» կենտրոնի մոսկովյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Տրենինը:

Սրա հետ մեկտեղ, «Լևադա» կենտրոնի սոցիոլոգները փաստում են, որ տարվա թիվ մեկ իրադարձությունը, ըստ ռուսաստանցիների, ռուբլու անկումն էր: Այսպես է պատասխանել հարցվածների 62 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում Սոչիի Օլիմպիական խաղերն են, իսկ Ղրիմի միացումը Ռուսաստանին միայն երրորդ տեղում է:

Փորձագետներից շատերը նկատում են, որ «Ղրիմը մերն է» կարգախոսը, որն այդչափ ոգևորել էր ռուսաստանցիներին, առաջիկայում կարող է բացասական զգացմունքներ առաջացնել, հատկապես երբ Ռուսաստանի քաղաքացիները սկսեն հասկանալ, որ դրա արդյունքում սկսել են շատ ավելի վատ ապրել՝ սոցիալական առումով:

Այսօր, քանի դեռ սոցիալական խնդիրները ռուսաստանցիների մեծ մասի համար դեռ ակնհայտ չեն, Պուտինի վարկանիշը մնում է բարձր, սակայն պարզ է, որ չի կարող մնալ այդպիսին, եթե Ռուսաստանում շարունակվի տնտեսական ճգնաժամը: Իսկ փորձագետները, նույնիսկ ամենալավատեսները, համոզված են, որ ճգնաժամը կտևի առնվազն երկու տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG