Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի 12 աշխատակիցներ բերման են ենթարկվել


«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոյի լրագրողները սպասում են միջանցքում, մինչ Դատախազության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում գրասենյակում, 26-ը դեկտեմբերի, 2014թ․

«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոյի լրագրողները սպասում են միջանցքում, մինչ Դատախազության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում գրասենյակում, 26-ը դեկտեմբերի, 2014թ․

«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի 12 աշխատակիցներ երեկ ուժով բերման են ենթարկվել՝ հարցաքննության համար: Մոտ 12-ժամյա հարցաքննություններից հետո նրանց բոլորին ազատ են արձակել՝ առանց մեղադրանքներ ներկայացնելու:

Փաստաբաններին արգելվել է մասնակցել նրանց հարցաքննությանը:

Այսօր ևս 8 ներկայիս և նախկին աշխատակիցների հարցաքննության են կանչել:

Լրագրողների հետապնդումները, նրանց բնակարաններ այցերը և հարցաքննության ներկայանալու պահանջները ոստիկանությունը Ադրբեջանում սկսել է դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյից: Կիրակի առավոտյան իր բնակարանից բերման է ենթարկվել ամենօրյա ռադիոծրագրերից մեկի հեղինակ Քամրան Մահմուդովը: Նրա կինը պատմել է, որ ամուսնուն նույնիսկ ժամանակ չեն տվել, որ կոշիկներն ու տաք հագուստ հագնի:

Ոստիկանությունը բերման էր ենթարկել նաև ռուսական էջի խմբագիր Չինգիզ Սուլթանսոյին, ինչպես նաև գրասենյակի հավաքարար Մաթանաթ Աբդինովային:

Դեկտեմբերի 26-ից հետո, երբ իրավապահները ներս խուժեցին և խուզարկեցին ռադիոկայանի գրասենյակը, առգրավեցին համակարգիչներն ու փաստաթղթերը, կապարակնքեցին գրասենյակի դուռը, իրավապահները գրեթե բոլոր աշխատակիցներին, ինչպես նաև քաղաքացիական պայմանագրերով աշխատող լրագրողներին հեռախոսով կանչել են հարցաքննության: Շատերը մերժել են ներկայանալ, քանի դեռ չի ապահովվել փաստաբանի ներկայությունը:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Պեիչը դատապարտել է ոստիկանների գործողությունները՝ ասելով, որ Ադրբեջանի իշխանությունները ահաբեկում են աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին ձերբակալվել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան: Այսօրվա դրությամբ Ադրբեջանում առնվազն 15 լրագրողներ և բլոգերներ ճաղերի հետևում են:

«Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը փակելուն նախորդել էին ազատ մամուլի, անկախ լրագրողների ու ոչ կառավարական կազմակերպությունների դեմ ճնշումներն ու հետապնդումները:

Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը, տեղական մամուլում մեկնաբանելով «Ազատության» գրասենյակի խուզարկության փաստը, ասել է, որ դա ազգային անվտանգության խնդիր է: «Ցանկացած կազմակերպություն, որն աշխատում է օտարերկրյա հատուկ ծառայությունների և հայկական լոբբիի համար, պետք է խուզարկվի», - հայտարարել է իշխող կուսակցության ներկայացուցիչը:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, Հելսինկյան կոմիտեն, ԱՄՆ-ի Հեռարձակման կառավարիչների խորհուրդը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գրասենյակի դեմ գործողությունները:

Սենատոր, ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնախմբի նախագահ Բեն Քարդինը հայտարարել է, որ Ադրբեջանում շարունակվում են ազատ և անկախ մամուլի դեմ հարձակումները իշխանությունների կողմից, չնայած հենց իշխանությունները պետք է հանձնառու լինեն դրանց պաշտպանությանը:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակն ասել է, որ «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակի փակումը նորից մտահոգություններ է առաջացնում Ադրբեջանում ազատությունների և ազատ արտահայտվելու հետ կապված: Դեկտեմբերի 28-ին տարածված հայտարարությունում նշված է, որ Եվրոպայի խորհուրդը Ադրբեջանի իշխանություններից կպահանջի այդ գործողությունների պատճառներն ու իրավաբանական հիմնավորումները:

XS
SM
MD
LG