Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն նշում են աֆղանական առաքելության ավարտը


Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն պաշտոնապես ավարտել են պատերազմը Աֆղանստանում՝ դեկտեմբերի 28-ին Քաբուլում անցկացված հանդիսավոր արարողությամբ:

Այսպիսով ավարտվում է ԱՄՆ-ի առաջնորդությամբ Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի գործունեությունը, որոնք Թալիբանների ռեժիմի տապալումից հետո՝ 2001 թվականից ի վեր, պայքարում են ահաբեկչական հարձակումների դեմ:

Միջազգային անվտանգության աջակցության ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Քեմբլը խորհրդանշական ժեստով ծալել է անվտանգության աջակցության ուժերի կանաչասպիտակ դրոշը և բացել մեկ այլ դրոշ, որը ներկայացնում է Աֆղանստանին անվտանգության աջակցություն ցուցաբերելուն ուղղված նոր առաքելության՝ Վճռական աջակցության մեկնարկը:

Այս նոր առաքելությունը, որում ներգրավված կլինի 13,500 զինծառայող՝ հիմնականում ամերիկացիներ, կոչված է օգնելու Աֆղանստանի զինված ուժերին՝ ստանձնելու անվտանգության ապահովման պատասխանատվությունը ողջ երկրում:

Նշենք, որ դեռ 2010 թվականին Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները շուրջ 140,000 զինծառայող ունեին Աֆղանստանում:

13 տարի տևած աֆղանական առաքելության ընթացքում շուրջ 3,500 օտարերկրյա զինծառայող է զոհվել Աֆղանստանում, նրանցից 2,224-ը՝ ամերիկացիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG