Մատչելիության հղումներ

logo-print

Տաքսիստները հայտարարում են, որ իրենց «քցել են»


Վարորդները հայտարարեցին, որ նախկինում իրենց «քցել են», և պետության սխալ որոշման պատճառով իրենցից շատերը պարտքեր են կուտակել։

Վերջերս կատարված որոշ օրենսդրական փոփոխությունների արդյունքում պարզեցվել է անհատ տաքսիների վարորդներին լիցենզիա տրամադրելու կարգը։ Այժմ տաքսի վարելու համար դեղին համարանիշ այլևս պետք չէ։ Կատարվել են մի շարք այլ փոփոխություններ ևս։ Անհատ տաքսու վարորդների շրջանում, սակայն, այս՝ թվում է՝ դրական փոփոխությունները դժգոհություններ են առաջացրել. նրանք բողոքում են, որ հին կարգի պատճառով արդեն բավական մեծ և, փաստորեն, անհիմն ծախսեր են կատարել։

«Տասը տարվա ժամկետից ավելի հին մեքենաները թույլ չէին տալիս վարել, չէ՞։ Էդ օրենքը ընդունեցին, մենք մեքենաները վարկով վերցրեցինք։ Հետո, ստիպեցին դեղին համարներ, դեղին համարներն էլ հանեցինք, մտանք օրինական դաշտ ԱՁ-ով։ Հիմա, ամեն ինչ վերացնում են։ Ես ԱՁ հանել եմ որպեսզի ինձ աշխատանքային ստաժ պաշտպանվի։ Հիմա էդ ամեն ինչը վերացնում են, չգիտես՝ ինչու», - «Ազատության» հետ զրույցում ասաց վարորդ Մխիթար Օհանյանը։

Անհատ ձեռներեցի կարգավիճակը կպահեն միայն մինչև 4 մեքենա շահագործողները՝ դրա համար վճարելով ամսական 100 հազար դրամ։ Իսկ նրանք, ովքեր չեն ցանկանա այդքան գումար վճարել, օրենքի փոփոխության համաձայն, առանց պետական ռեգիստրում գրանցվելու՝ տաքսի կվարեն որպես ֆիզիկական անձ։

Հանվել է նաև ամենօրյա տեխզննման և բուժզննման պահանջը՝ պատճառաբանությամբ, որ վարորդը իր առողջական և մեքենայի տեխնիկական վիճակին ինքնուրույն կարող է հետևել՝ առանց որևէ միջնորդ կազմակերպության։

«Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ընդամենը ամսական մուծում կատարի 12 հազար դրամ, վերցնի ինչ-որ ստիկեր կպցնի ապակու վրա ու քշի տաքսու տակ։ Այսինքն, նույն թմրամոլն էլ կարող է անել, ալկոհոլիկն էլ կարող է անել, հոգեկան հիվանդն էլ կարող է անել», - նշեց Օհանյանը։

Օրենքի այս փոփոխությունները քննարկելու համար տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նախօրեին հանդիպել էր անհատ տաքսու վարորդների ու տաքսի ծառայություն մատուցող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Նախարարը չհամաձայնեց վարորդներից մեկի այն տեսակետին, որ այս փոփոխությամբ դաշտում ամենաթողություն կլինի, ինչի հետևանքով, ասենք՝ լրագրողն ու ոստիկանն էլ աշխատանքից հետո կարող են տաքսի վարել։

«Անարխիա չի, ընդհակառակը՝ լրագրողը էլ չի կարող տաքսի վարել, ձեր ասած մարդիկ չեն կարող տաքսու վարորդ աշխատել, որովհետև կարգ կա, օրենք կա, որը եկել ենք քննարկենք ու առանց լիցենզիայի, առանց Տրանսպորտի ու կապի նախարարության էլ ոչ մեկ չի կարող վարել», - հայտարարեց տրանսպորտի և կապի նախարարը։

Վարորդները հայտարարեցին, որ նախկինում իրենց, այսպես ասած, «քցել են» և պետության սխալ որոշման պատճառով իրենցից շատերը վարկ են վերցրել ու տուժել։

Բեգլարյանը նախ խնդրեց, որ տուժած մարդիկ ձեռք բարձրացնեն, հետո ավելացրեց, որ նման բան տեղի չէր ունենա, եթե նախկինում ևս այսպիսի քննարկումներ լինեին։

«Եթե նախկինում էդ որոշումները դուք քննարկեիք համապատասխան գերատեսչության ղեկավարի հետ և մանրամասն ներկայացնեիք, էդ ձեր ասած խնդիրները, չգիտեմ ով է մեղավորը՝ որոշողը, թե՞ դուք ինքներդ, ինձ թվում է՝ խնդիր չէր լինի», - ասաց Բեգլարյանը։

Վարորդները բողոքի ձայն բարձրացրին իրենց համար բավական մտահոգիչ դարձած մեկ այլ խնդրի շուրջ ևս. տաքսիների համար նախատեսված կայանատեղերը փոքրաթիվ են։

«Փաստորեն, վարորդը, չունենալով հնարավորություն կանգնելու մի տեղ, պիտի պտտվի ու վատնի էդ գազը։ Կրկնակի չէ, բայց մոտ 30 տոկոս բարձրացավ գազի գինը։ Դա ոչ մեկ չի բարձրաձայնում», - ընդգծեց վարորդներից մեկը։

Նախարարը պատասխանեց՝ 2008 թվականին կայանատեղի ընդհանրապես չկար։ Հիմա դրանց թիվը շուրջ 70 է, և քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում մոտ ապագայում կավելանա։

XS
SM
MD
LG