Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթիեն Մահչուփյանը France-Presse գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե պետք չէ ակնկալել, որ 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Թուրքիան և Հայաստանը կարող են լուծել երկարատև ձգձգվող վիճաբանությունը:

Նա ասել է, որ 2015-ը «ծանր տարի» կլինի, բայց մեծ ճեղքումներին պետք է ավելի ուշ սպասել:

«Ես կարծում եմ՝ 2015-ին խորհրդանշական քայլեր կարող են արվել ու ավելի էմոցիոնալ հարաբերություններ կարող են հաստատվել», - ասել է Մահչուփյանը, միաժամանակ ընդգծելով. - «Բայց ես կարծում եմ՝ ավելի քաղաքական, կամ պատմական խնդիրները կմնան գալիք տարիներին, հետո ավելի հեշտ կլինի»:

France-Presse-ը նշում է, որ Էթիեն Մահչուփյանը Թուրքիայի հայ համայնքի այն սակավաթիվ ներկայացուցիչներից է, որ պետական պաշտոնի են նշանակվել: Հարցազրույցում Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականն ասել է, որ ապագայում առաջնահերթությունը պետք է լինի հարաբերությունների հաստատումը Հայաստանի, ինչպես նաև հայկական Սփյուռքի հետ, որոնք խորապես ատում են Թուրքիան:

«Ես չեմ կարծում, թե մենք պետք է շտապենք 100-ամյակի կապակցությամբ: Ավելի ուշ գործընթացները ավելի առողջ կլինեն»,- ասել նա:

Մահչուփյանը նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կարող է դրական դերակատարություն ունենալ: Նշելով, որ վերջին ամիսներին ռուս-թուրքական հարաբերությունները ավելի են ջերմացել ու սերտացել, Մահչուփյանն ասել է, թե Մոսկվան կարող է դրական դեր կատարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում:

France-Presse-ին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականը, հայկական հարցերից բացի, նաև անդրադարձել է այլ խնդիրների:

Մասնավորապես, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ձգտումների մասին խոսելով, Մահչուփյանը վստահեցրել է, որ Թուրքիայի իշխանությունները հավատարիմ են այդ ձգտումներին, նպատակ ունեն եվրոպական ընտանիքի մաս դառնալ՝ չնայած ընդդիմության բռնաճնշումների շուրջ Եվրոպայի հետ առկա տարաձայնություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG