Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել լրատվամիջոցներին «պրոֆեսիոնալ» աշխատանքի համար


Նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, հայաստանյան լրատվամիջոցները օգոստոսին՝ առաջին գծում և նոյեմբերին՝ Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը խոցելու օրերին «պրոֆեսիոնալ և համախմբված» են գործել:

Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահի նստավայրում հրավիրված ընդունելության ժամանակ, մասնավորապես, ասել է․ - «Շնորհակալ եմ ձեզ: Այսպիսի աշխատաոճով դուք ավելին եք անում, քան պարզապես գրագետ լրատվություն հաղորդելն է: Դուք ապացուցում եք բոլորին, որ «ազատ մամուլը պատերազմի հատկանիշներով իրավիճակների համար վտանգավոր է» պնդումը երիցս սին է: Դուք ապացուցում եք բոլորին, որ թշնամու կերպարի հետևողական ուռճացման, պատերազմի անվան տակ բանակի գործողությունների կամ պաշտպանական խնդիրների վերաբերյալ տոտալ գրաքննություն մտցնելը բացի բռնապետություն ամրացնելուց ոչ մի այլ իմաստ չունի: Դուք ապացուցում եք, որ հայրենասիրության դրսևորումները մասնագիտություն չեն ճանաչում: Հավատացե՛ք, սրանով դուք մեծ բան եք անում մեր երկրի հետագա ընթացքի համար, մեր որդեգրած արժեքների, խոսքի ազատության հետագա ամրապնդման համար»:

«Երբեք չեմ թաքցրել, որ խնդիրներ տեսնում եմ այսօրվա մեր մամուլի գործունեության մեջ, մասնավորապես չեմ ընդունում անձնական վիրավորանքների և պիտակավորումների ձեռագիրը, որ երբեմն կարելի է տեսնել մեզանում: Բայց նաև միշտ առանց թաքցնելու ասել եմ, որ չեմ ընդունում նաև լրատվամիջոց կոչվելու հավակնություն ունեցող կայքը կամ թերթը հաշվեհարդարի գործիք դարձնելու հոռի գայթակղություններին տրվելը: Վստահ եմ, որ ժամանակն ամեն ինչ արդեն իսկ իր տեղն է դնում, և տեղեկատվություն ստանալու անսահման մեծ հնարավորություններ ունեցող այսօրվա ընթերցողն ինքն է հետևողականորեն անցյալում թողնում նմանօրինակ լրատվական բարբարոսությունը, երևույթ, որ հենց անցյալին է բնորոշ», - նաև ասել է երկրի նախագահը:

Սերժ Սարգսյանի կանխատեսմամբ, նոր աշխատանքային տարում «կրկին հանգիստ ռեժիմով գործելու քիչ հնարավորություններ ենք ունենալու»:

«Մենք դեռևս գտնվում ենք անհանգիստ արտաքին միջավայրի ազդեցության ներքո, մենք ընդգրկուն ծրագրեր ունենք ինտեգրացիոն գործընթացներում առաջ գնալու, մեր տնտեսության վերելքի և սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ, բազմաթիվ միջոցառումներ ենք նախատեսել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում և, իհարկե, ունենք ամեն օրվա խաղաղությունն աչալրջորեն հսկելու մեր մշտական պարտավորությունը: Այս և աշխատանքի մյուս բոլոր ուղղություններով մենք միասին անելու շատ բան ունենք և, վստահ եմ, որ բաց, թափանցիկ և արդյունավետ ենք անելու», - ասել է Սերժ Սարգսյանն ու շնորհավորելով Հայաստանի բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցների աշխատակիցներին, համոզմունք հայտնել, որ 2015 թվականը լինելու է համագործակցության և առաջընթացի տարի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG