Մատչելիության հղումներ

Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) այսօր մեկնարկեցին ակադեմիայի իսկական և թղթակից անդամների ընտրությունները:

Ընտրությունները, ըստ ԳԱԱ կանոնադրության, անցնում են երկու փուլով․ նախ բաժանմունքներում, ապա Ընդհանուր ժողովում, որին մասնակցում են բոլոր ակադեմիկոսներն ու թղթակից-անդամները:

Այսօր ընտրություններն անցնում են բաժանմունքներում․ տարբեր մասնագիտությունների գծով ավելի քան 60 թեկնածուներից ընդամենը 11-ը այս ընտրությունների արդյունքում պիտի դառնան ակադեմիկոս, 16-ը՝ թղթակից անդամ:

Փաստորեն գիտնականների միջև լուրջ պայքար է լինելու, թեև, օրինակ, պատմության, հնագիտության, արևելագիտության գծով մեկական գիտնական է ներկայացրել իր թեկնածությունը․ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը և Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Իսկ ահա գրականագիտության գծով 6 դիմում էր ներկայացվել թղթակից անդամության համար: Շատերի համոզմամբ, սակայն, պայքարը հիմնականում պիտի ծավալվեր Ժենյա Քալանթարյանի, Հրաչյա Թամրազյանի և Ավիկ Իսահակյանի միջև:

Նշենք, որ, ըստ ավանդույթի, համապատասխան բաժանմունքում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրված թեկնածուն հիմնականում անցնում է նաև ընդհանուր ժողովի փակ գաղտնի քվեարկությամբ: Եզակի բացառություններ, իհարկե, եղել են, բայց այսօր արդեն իսկ բաժանմունքներում փակ գաղտնի քվեարկությունը հաղթահարած գիտնականները մինչև վաղը արդեն իսկ կարող են փոքր-ինչ շունչ քաշել:

Բաժանմունքներում ընտրություններն արդեն ավարտվել են: Գրականագիտության գծով թղթակից անդամ է ընտրվել Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, արվեստագիտության գծով՝ Արարատ Աղասյանը, լեզվաբանության գծով՝ Սեդա Գասպարյանը:

Իրավագիտության գծով ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ընտրվել է ԳԱԱ ակադեմիկոս: Պատմության գծով ԳԱԱ իսկական անդամ է ընտվել Աշոտ Մելքոնյանը, արևելագիտության գծով՝ Ռուբեն Սաֆրաստյանը, սոցիոլոգիայի գծով՝ Գևորգ Պողոսյանը:

Ընդհանուր ժողովը կգումարվի վաղը: Դրան կմասնացեն և իրենց ընտրությունը կանեն ավելի քան 100 ակադեմիկոսներ և թղթակից անդամներ:

XS
SM
MD
LG