Մատչելիության հղումներ

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում ստիպված են եղել արտահերթ ընտրություններ անցկացնել․ ավագանու տղամարդիկ գնացել էին խոպան: Ընտրությունների արդյունքում չորս կին թեկնածու է ընտրվել և այժմ ավագանու 5 անդամներից ընդամենը մեկն է տղամարդ:

«Կանանց հետ ավելի հեշտ է աշխատել», - ասում է Բաղրամյան համայնքի աշխատակազմի ղեկավար Ստյոպա Պողոսյանը: - «Չեն բռնկվում միանգամից, լուրջ են վերաբերվում, գալիս են ժամը 1-ին՝ ստորագրում են, նիստերին մասնակցում են»:

Արտերկիր աշխատանքի մեկնած տղամարդկանց բացակայության պայմաններում ընտանիքի սոցիալական բեռը իրենց փխրուն ուսերին կրող կանայք, այժմ էլ տեղական ինքնակառավարման հոգսն են իրենց ուսերին վերցրել:

«Վիճակը բարվոք չէ՝ տղամարդիկ բոլորը դուրսն են», - ասում է ավագանու անդամներից Մաքրուհի Ղազարյանը՝ հավելելով՝ ուզում են արդյունք ունենան, ավագանու աշխատանքը ստացվի:

Ավագանու մյուս անդամներից Ժաննա Թավաքալովնան էլ համոզված է՝ կանանցով լուրջ գործեր են անելու:

«Գիտեք, այդ ընտանիքներում, որտեղ կինը հմուտ է, իսկական տնտեսուհի է, այդ ընտանիքները միշտ բարեկեցիկ են լինում, այդ ընտանիքում միշտ համերաշխություն է լինում: Դրա համար ես մեծ հույսեր եմ կապում, եթե կանայք գան՝ մեր ընտանիքում, մեր համայնքում հիմա շատ խնդիրներ կան», - ասում է ավագանու անդամը:

Կանայք համոզված են՝ իրենք գործնական են, կոռուպցիոն ռիսկերից հեռու, ազնիվ, գործին նվիրված:

«Միգուցե այդ զգացմունքային լինելը ավելի է օգնում որոշում ընդունել», - ասում է Ժաննա Թավաքալովան:

Տղամարդիկ անկեղծանում են՝ կանայք հերոս են, անասուն են պահում, հող մշակում, երեխաներին մեծացնում:

«Եթե վերևի իշխանություններում էլ գնան արտագնա աշխատանքի, ինձ թվում է՝ այնտեղ էլ իշխանափոխություն կլինի և կգա մի ժամանակ, որ իշխանությունը կանանց կանցնի», - ասում է գյուղացիներից Երանոս Թովմասյանը ու հուշում՝ «իրենք էս պահին պետք է մտածեն, որ արտագաղթը քչանա»:

Կանայք ակտիվ են ընտանիքում, համայնքներում, վարչական աշխատանքում, օրենսդիր մարմնում, սակայն ավելի վերևներում՝ որտեղ կայացվում են կարևոր որոշումները, կանանց թիվը ոչ թե քիչ է՝ նրանք առհասարակ չկան:

Իսկ ինչո՞ւ կանայք Հայաստանում չեն առաջադրվում նախագահական ընտրություններում: Ավագանու անդամ Ժաննա Թավաքալովան կարծում է՝ խանգարում են տղամարդիկ:

«Տղամարդիկ այդ տեղը երբեք մեզ չեն զիջի, մենք ինքներս պետք է վաստակենք այդ իրավունքը», - ասում է Թավաքալովան, - «Մենք պետք է ավելի բարձր գնահատենք մեր հնարավորությունները, իսկ տղամարդիկ պետք է հասկանան, որ ինչքան շատ կանայք լինեն իշխանության մեջ և ամենաբարձր օղակներում, այդքան ավելի օգուտ կլինի մեր երկրին»:

XS
SM
MD
LG