Մատչելիության հղումներ

logo-print

Պետպատվերով տրամադրվող հոգեմետ դեղորայքի կապակցությամբ բողոքները շարունակվում են


Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցողներն ու նրանց հարազատները շարունակում են բողոքել պետպատվերով տրամադրվող նոր դեղամիջոցի դեմ։

Պետության կողմից տրամադրվող «Զիպրեքսա» դեղը, հիշեցնենք, անցած գարնանից փոխարինվել է ավելի էժան տարբերակով, որը, հիվանդների հարազատների պնդմամբ, արդյունավետ չէ:

«Հիմա մի բուռ դեղ պիտի տանք մեկ հաբի փոխարեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց հարազատներից մեկը:

«Դառել ա ագրեսիվ․ կողքը մարդ չեղավ, կարող ա մարդասպանություն էլ լինի․․․ Ինչի՞ են էս էժան դեղը․․․ բիզնես անում, փող աշխատում․․․ մե՞ր հաշվին, մեր հիվանդների՞ հաշվին», - նշեց հոգեկան խնդիրներ ունեցող որդի ունեցող մի տղամարդ՝ հավելելով, որ նախկին դեղը ընդունելիս որդին միայնակ դուրս էր գալիս տանից, զբոսնում էր, իսկ հիմա առանց ուղեկցողների հնարավոր չէ․ - «Գլխացավ, ագրեսիվ վիճակ: Կարա լյուբոյ մարդու բռնի ու խեղդի»:

Երեկ նոր դեղամիջոցից դժգոհ մի քանի տասնյակ մարդիկ բողոքի ցույցի էին հավաքվել Կառավարության շենքի մոտ: Նրանց հետ հանդիպել էր Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը: Ցուցարարները նրանից փորձեցին ճշտել, թե որ երկրի արտադրության դեղորայքն է շահել գալիք տարվա համար հայտարարված մրցույթում և արդյոք հաշվի են առնվել իրենց բողոքները:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ 2015 թվականի մրցույթները, որ հայտարարված են, չեն կայացել և չեն ամփոփվել վերջնականապես: Որովհետև, հաշվի առնելով տարբեր հանգամանքներ, շատ մասնակիցներ ուղղակի չեն դիմել այդ մրցույթներին: Մրցույթները չեն ավարտվել, չեն կայացել: Եվ ոչ մի որոշում վերջնական չի ընդունվել ոչ մի ներկրողի կամ դեղ ապահովողի վերաբերյալ: Ձեր նշած ֆիրման կարող ա չի ուզում, չի գալիս, չի դիմում: Ես ի՞նչ իմանամ դա», - պատասխանել էր փոխնախարարը:

Նշենք, որ բողոքներ կան ոչ միայն այս դեղի, այլև պետպատվերով հատկացվող մի շարք այլ դեղամիջոցների հետ կապված: Երեկ տարեվերջյան ասուլիսի ժամանակ, լրագրողների հարցին ի պատասխան, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պատասխանեց, որ ըստ օրենքի Հայաստանում գրանցված դեղամիջոցներից պետության կողմից գնվում է այն, որն ավելի էժան է, բայց երբեմն ավելի թանկ առաջարկներ ներկայացնողները չեն հաշտվում դրա հետ և բողոքողների արհեստական խմբեր ձևավորում:

«Եվ սա փաստացի բերում է այնպիսի իրավիճակների, երբ որ չի շահում մի դեղորայքի ներկայացուցիչը, տարբեր հնարավոր մոտեցումներով, հնարամտություններով, անգամ հասնում է արդեն նրան, որ նաև ձևավորելով առանձին հասարակական կառույցներ, առանձին հնչողություն ստացող գործողություններ, հիվանդներ ներգրավելով, փորձում է անպայման ապացուցել, որ հենց իրենն էր ավելի լավը», - հավելել էր նախարարը:

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք «Զիպրեքսա» հոգեմետ դեղի համար բողոքները ևս արհեստական և ոչ օբևէկտիվ է համարում, Արմեն Մուրադյանը պատասխանել էր․ - «Ես օբյեկտիվ կարող եմ համարել միայն հետազոտությունների արդյունքներ: Լինելով ինքս նաև բժիշկ, ես պարտավոր եմ անհատի կարծիքը հաշվի առնել: Եթե դա չի օգնում, իրականում չի օգնում, մենք այդ հարցը կբարձրացնենք՝ գրանցումից հանելու հետ կապված, մենք ուղիղ կմտնենք կառավարություն, կասենք, որ այս թիրախային խմբի համար պետք է բրենդային դեղեր գնել: Նման փորձ կա արդեն»:

Ըստ նախարարի, եթե դեղը գրանցվել է, ապա այն անորակ լինել չի կարող: Այդուհանդերձ այսօր հարցը հատուկ ուսումնասիրվում է․ - «Մասնագետների կողմից ձևավորված խումբը կհստակեցնի այդ չափորոշիչները, և եթե խիստ անհրաժեշտություն լինի որևիցե մի անձի բավարարել այդ տեսակի դեղով, մենք ամենը կանեն, որ այդ անձը ստանա հենց այն, ինչի կարիքը ունի: Եթե իրեն որևիցե ուրիշ բան չի օգնում, մենակ դա է օգնում, հավատացնում եմ ձեզ, որ մենք չենք պատրաստվում ուղղակի լուռ նստել, տեսնել նրա տառապանքները»:

XS
SM
MD
LG