Մատչելիության հղումներ

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե մենաշնորհները չեն սպառնում Հայաստանի տնտեսությանը:

«Այսօր աշխարհի երկրորդ տնտեսությունը, աշխարհի վեցերորդ տնտեսությունը, նրանց մոտ կան մենաշնորհներ՝ պետական մենաշնորհներ, մասնավոր մենաշնորհներ», - փաստարկեց նախարարը:

Վերջին տարիներին, հիշեցնենք, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և միջազգային այլ կազմակերպությունների փորձագետները բազմիցս արձանագրել են, որ տնտեսության մեջ մենաշնորհների առկայությունը խոչընդոտում է Հայաստանի տնտեսական զարգացմանը:

Նույն կարծիքը այսօր «Ազատության» հետ զրույցում հայտնեց տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը՝ հավելելով․ - «Ես ողջունում եմ նախարարի այդ կարծիքը ու կարծում եմ, որ նախարարը կարող է դասախոսություններ կարդալ համաշխարհային տնտեսության զարգացման վերաբերյալ, ու նրա, օրինակ, արևմտյան ունկնդիրները խիստ կզարմանան և կուրախանան այդ պնդման հետ կապված»:

Երբ նախարարի հետ զրույցում մի շարք ապրանքների ներմուծման մենաշնորհների օրինակներ բերեցինք, նա իր խոսքում արեց հետևյալ ճշգրտումը․ - «Ես չեմ ասում, որ մենաշնորհը լավ բան է ընդհանրապես: Խնդիրը այդ մենաշնորհի չարաշահումը արգելափակելու, չարաշահումը չթողնելու մեջ է»:

Մինչդեռ, ըստ Հայկ Գևորգյանի, մենաշնորհ և չարաշահում հասկացությունները Հայաստանում վաղուց նույնականացել են․ - «Այդ ֆենոմենի հետ մենք գործ ունենք շաքարավազի դեպքում, երբ որ Սամվել Ալեքսանյանի ներկրած շաքարավազի այսպես ասած հումքը ընդհանրապես չի մաքսազերծվում, իսկ այլ ներկրողները, որոնք փոքր խմբաքանակներով սեփական արտադրության համար բերում են, մաքսայինը դա հաշվարկում է 942 դոլար ու ըստ այդմ հարկում է»:

Մեկնաբանը հավելում է, որ շուկայում մոնոպոլ դիրքի առկայությունը հարվածում է հատկապես մանր և միջին բիզնեսի զարգացմանը։ Ոչ մրցակցային պայմանները մինչև անգամ սնանկացման են հասցնում մանր տնտեսվարողներին։

Կարեն Ճշմարիտյանն այսօր դժվարացավ պատասխանել հարցին, թե քանի մանր ու միջին ձեռնարկություններ են լուծարվել ավարտվող 2014 թվականի ընթացքում:

Նախարարը ընդգծեց, թե մենաշնորհային կամ գերիշխող դիրքի գոյությունը շատ ավելի քիչ սպառնալիք է տնտեսությանը, քան դրա իսպառ վերացումը․ - «Որովհետև, եթե Հայաստանում մենք ասենք, որ արգելում ենք մենաշնորհը, դուք պատկերացնո՞ւմ եք՝ մեր երկրում ցանկացած խոշոր արտադրություն կլինի մենաշնորհ»:

Մինչ Էկոնոմիկայի նախարարն անհանգստանում է խոշոր ընկերությունների ճակատագրով, Փոքր ձեռներեցների միության նախագահ Ստեփան Ասլանյանը հակադարձում է՝ գերիշխող դիրք ունեցողների պատճառով փոքր բիզնեսը շուտով կհայտնվի Կարմիր գրքում․ - «Կան տարածքներ, որտեղ փոքր բիզնեսով զբաղվողները տարիներ շարունակ բիզնես են սարքում, իրեցն առևտուրն են արել: Այդ նույն տարածքի վրա հայտնվում է մեկը, որը ունի բավականաչափ լուրջ գումարներ, դնում է իր սուպերմարկետը և այդ տարածքի ամբողջ ազգաբնակչությանը ոնց որ ազատի աշխատանքից: Մարդիկ իրենց աշխատանքի պտուղները չեն քաղում»:

Ասլանյանի տվյալներով, միայն այս տարվա տասն ամիսների ընթացքում է 10 հազարից ավելի մանր ձեռնարկություններ դադարեցրել են իրենց գործունեությունը։ Նրա համար, այդուամենայնիվ, տարօրինակ չէ, որ իշխանությունները լուրջ պայքար չեն ծավալում մենաշնորհների վերացման կամ կրճատման դեմ։

XS
SM
MD
LG