Մատչելիության հղումներ

Ադրբեջանի դատախազության աշխատողները ներխուժել են «Ազատության» գրասենյակ


«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակը, արխիվ
«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակը, արխիվ

Ադրբեջանական ծառայության ղեկավար Քենան Ալիևի խոսքով` առավոտյան ժամը 10:30 գրասենյակ են ներխուժել դատախազության առնվազն 10 աշխատակիցներ՝ զինված ոստիկանների ուղեկցությամբ:

Այսօր առավոտյան Ադրբեջանի գլխավոր դատախազության ներկայացուցիչները ներխուժել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության Բաքվի գրասենյակ և հայտարարել, որ «գրասենյակը փակելու» դատարանի որոշում ունեն:

Ինչպես հաղորդում է «Ազատության» ադրբեջանական ծառայությունը, գրասենյակում ներկայումս խուզարկություն է իրականացվում, անջատված են հեռախոսներն ու ինտերնետը, աշխատակիցներին թույլ չեն տալիս մոտենալ համակարգիչներին, բյուրոյի աշխատակազմի մի մասն էլ դրսում է մնացել՝ չկարողանալով շենք մտնել:

Դատախազության աշխատակիցները պահանջել են բյուրոյի չհրկիզվող պահարանում գտնվող փաստաթղթերը, որոնք նաև աշխատակիցների անձնական տվյալներն են պարունակում:

Բյուրոյի աշխատակիցներին մի քանի ժամ սենյակում պահելուց հետո դատախազության աշխատակիցները հրահանգել են նրանց լքել գրասենյակը՝ հայտարարելով, որ բյուրոյի աշխատանքը պետք է ավարտվի, սակայն չեն մասնավորեցրել, թե որքան ժամանակով:

Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավարը APA լրատվական գործակալությանը ասել է, թե խուզարկությունը կապված է գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գործերով քննչական վարչության կողմից քննվող գործի հետ, որի մանրամասներն առայժմ չեն հրապարակվում:

Ադրբեջանի իշխանությունները վերջին մի քանի ամիսներին նմանատիպ խուզարկություններ են կազմակերպել այսպես կոչված արտասահմանյան կառույցներում, որոնց թվում էին IREX-ը, Ժողովրդավարության ազգային ինստիտուտը և Oxfam-ը: Բոլոր երեք գրասենյակներն էլ փակվել են:

Հիշեցնենք, դեկտեմբերի 5-ին ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է «Ազատության» ադրբեջանական ծառայության առաջատար լրագրողներից մեկը՝ Խադիջա Իսմայիլովան՝ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով:

Ըստ APA գործակալության, այսօր դատարանը մերժել է Իսմայիլովայի խափանման միջոցը փոխարինել տնային կալանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG