Մատչելիության հղումներ

ԵՏՄ-ն ստեղծելու Ռուսաստանի նպատակը ԵՄ-ի հետ մրցակցելն է․ Los Angeles Times


ԵՏՄ հիմնադիր երկրների ղեկավարները միության ստեղծման համաձայնագիրը ստորագրելուց հետո, Աստանա, 29-ը օգոստոսի, 2014թ․

ԵՏՄ հիմնադիր երկրների ղեկավարները միության ստեղծման համաձայնագիրը ստորագրելուց հետո, Աստանա, 29-ը օգոստոսի, 2014թ․

Միջազգային հեղինակավոր պարբերականները վերլուծում են Եվրասիական միության ստեղծման դրդապատճառները և կառույցի հեռանկարները:

Ըստ Los Angeles Times պարբերականի` Եվրասիական միություն ստեղծելու Ռուսաստանի նպատակը եվրոպական դաշինքի հետ մրցակցելն է:

Ծավալուն հոդվածում ամերիկյան այս պարբերականի թղթակիցը նկատում է, որ Խորհրդային Միության նախկին հանրապետությունների դաշինք նախագծելով՝ Կրեմլի առաջնորդը նպատակ ունի հակազդելու Եվրամիությանը, որն իր առևտրային ու քաղաքական ազդեցությունը տարածել է մինչև Ռուսաստանի սահմաններ՝ ներառելով Արևելյան Եվրոպայի երկրները, Խորհրդային Միության մերձբալթյան երեք հանրապետությունները:

«Հինգ պետություններ այս պահին պարտավորվել են միանալ Մոսկվայի գլխավորած դաշինքին՝ թողնելով 180 միլիոնանոց շուկան», - գրում է հեղինակը՝ կանգ առնելով մասնավորապես Ղրղըզստանի և Հայաստանի անդամակցության հանգամանքի վրա:

Հոդվածագիրը շարունակում է, որ Ղրղըզստանը, լինելով հետխորհրդային երկրներից ամենաաղքատը, քիչ հավանական է, որ կկարողանա օգուտներ բերել Կրեմլի նախաձեռնած տնտեսական դաշինքին: Կենտրոնական Ասիայում գտնվող՝ դեպի ծով ելք չունեցող մոտ հինգուկես միլիոն բնակչությամբ այս երկիրը ՄԱԿ-ի 193 անդամ երկրների ցանկում մեկ շնչին ընկնող եկամուտով 185-րդ տեղում է:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այդ երկիրը ևս իր հետ ավելի շատ տնտեսական խնդիրներ է բերում այս կառույց, քան հեռանկարներ՝ աղքատ բնակչությամբ և հարևան Ադրբեջանի հետ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությամբ:

«Եվրասիական տնտեսական միություն. Մեռելածին միություն» վերտառությամբ վերլուծականում գերմանական Deutsche Welle-ն նշում է, թե ներկայումս Հայաստանով համալրված այս կառույցին առաջիկայում ծանր ժամանակներն են սպասում:

«Փորձագետների կարծիքներն այս հարցում տարբեր են: Ոմանք համարում են, որ միությունը մեռելածին է, մյուսների կարծիքով՝ սա անհրաժեշտություն էր, և հաջող զարգացման համար անհրաժեշտ է Ռուսաստանի ճգնաժամի հնարավորինս արագ հաղթահարումը», - գրում է Deutsche Welle-ն:

«Եվրասիական տնտեսական միությունը պետք է դառնար Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականության մեծագույն հաղթանակը՝ Եվրամիության հետ մրցակցող հզոր միություն, որը պետք է ձգվեր Ուկրաինայից մինչև Խաղաղ օվկիանոս», - նկատում է The Washington Post-ը՝ արձանագրելով, սակայն, որ ուկրաինական ճգնաժամի պայմաններում հունվարի 1-ից ուժի մեջ մտնող համաձայնագիրը այնքան էլ չի համապատասխանում Պուտինի մեծ նպատակներին:

Հոդվածագիրը համոզված է, որ Պուտինի նպատակն էր հարևանների հետ քաղաքականության շնորհիվ ձեռք բերել ավելի մեծ իշխանություն:

The Washington Post-ի կարծիքով` Ռուսաստանի դաշնակիցները թեև ողջունում են տնտեսական նոր հնարավորությունները, սակայն նրանք, միևնույն ժամանակ, մտավախություն ունեն, որ իրենց երկրներում էլ կարող է կրկնվել ուկրաինական սցենարը:

Հեղինակը պնդում է նաև, որ Պուտինը այս միությունը դիտարկում էր որպես Խորհրդային Միության հզորության մասնակի վերականգնման ուղի՝ Մոսկվայում կենտրոնացնելով տնտեսական և քաղաքական ռազմավարությունները:

XS
SM
MD
LG