Մատչելիության հղումներ

«Ոչ մի տարի Ձմեռ պապիկին գրված նամակները հասցեատիրոջը չեն հասել»


Եթե Թովմասյանների ընտանիքը անցյալ տարի կարողացավ ամանորյա մի համեստ սեղան դնել, ապա այս տարի ամենայն հավանականությամբ դա էլ չի հաջողվի:

«20 դրամի թանկացումն էլ մեզ վրա ազդում է», - ասում է հինգ երեխաների մայրը՝ Քրիստինեն, - «Անցյալ տարի տղաս նապաստակ էր պահում՝ նվեր էր ստացել: Որ ոչ մի բան չկար՝ ամուսինս էդ նապաստակը մորթեց։ Ոչ մի բան չկար՝ ո՛չ խմորեղեն, ո՛չ․․․ հենց հիմա էլ նույն վիճակն ա»։

Ոչ մի տարի Ձմեռ պապիկին գրված նամակները հասցեատիրոջը չեն հասել, ասում է Քրիստինեն։ Չնայած դրան՝ երեխաները դեռ հավատում են պապիկի գոյությանը և այս տարի էլ նամակ են գրել նրան՝ խաղալիքներ են ուզում, գնդակ, մեկ հատ միկրոֆոն, որպեսզի Ամանորի գիշերը երգեն, մեկ հատ էլ կախարդական փայտիկ:

«Ես փայտիկով բոլոր չար երեխաներին դարձնելու եմ բարի», - ասում է 6-ամյա Ալինան:

«Կուզենայի, որ հիվանդ երեխաները առողջանան: Երեխեքը, ովքեր ունեն օգնության կարիք՝ անցնեն օրեր, ու նրանք չունենան էդ օգնության կարիքը, այլ էնքան նրանք բարձրանան, որ կարողանան օգնել ուրիշներին», - ասում է նրա ավագ քույրը՝ 15-ամյա Արմինեն:

Արմինեն դպրոցում գերազանց է սովորում և ցանկանում է ռեժիսորի մասնագիտություն ստանալ։ Շուտով նա չափահաս կդառնա և ընտանիքին հատկացվող սոցիալական ապահովության նպաստը կպակասի։

Այս ամսվա 52,000 դրամ նպաստը ընտանիքն արդեն ստացել և ծախսել է։

«Պարտքերը բաժանել եմ ու ոչ մի բան․․․ խանութներից բերում ենք հացը, մնացածը նիսյա․․․ հետո տալիս ենք՝ էդ կտրվածքով։ Ես երկու խանութից եմ օգտվում՝ 20-20 հազար դրամներ պարտք եմ: Հիմա եթե գնամ Նոր Տարվա բաներ ուզեմ, պարզ ա՝ էլ չեն տա», - ասում է երեխաների մայրը՝ Քրիստինեն:

Այս պահին ընտանիքի հիմնական մտահոգությունը ձմռան վառելիք՝ փայտ հայթայթելն է:

«Հունվարի սկզբին ամուսնուս 14,000 դրամ հաշմանդամության թոշակը կստանամ, ու եթե գումար մնա՝ դրանով երեխաների համար նվերներ կգնեմ», - ասում է Քրիստինեն։

Ամուսինը Ռուսաստանում արտագնա աշխատանքի ընթացքում է հաշմանդամ դարձել: Քանի որ թոքերի հետ կապված խնդիր ունի, աշխատում է միայն ամառվա ամիսներին։

«Երեխաներիս պահում եմ՝ ինչպես կարողանում եմ», - «Ազատությանն» ասաց ամուսինը՝ հրաժարվելով խոսել տեսախցիկի առջև:

Ծնողներն ասում են, թե իրենց հաճախ քննադատում են, որ լինելով անապահով՝ այսքան երեխաներ են ունեցել։

«Երեխու հետ չի կարելի կապել, իրանք իրոք մեր ուրախությունն են, էն ամենատխուր ու դժվար պահին, իրանք կարող ա մեզ ուրախացնեն», - ասում է Քրիստինեն:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG