Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի կառավարությունը զրկվել է արձակուրդից


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարում է կառավարության նիստը, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարում է կառավարության նիստը, արխիվ

Վլադիմիր Պուտինը ասել է, որ 2015 թվականը լինելու է ավելի դժվար և պատասխանատու տարի:

Ուկրաինայի հարցում իր նախընտրելի քաղաքականության հետևանքով միջազգային հանրության հանդիմանանքին արժանանալու ֆոնին ուշագրավ քայլեր է փորձում կատարել Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինը կառավարությանը հրապարակավ զրկել է ամանորյա արձակուրդից՝ դա բացատրելով Ռուսաստանի ներկայիս տնտեսական վիճակով:

Պուտինը պետական մարմիններին հորդորել է տոնական օրերին խստորեն հետևել ռուբլու փոխարժեքի կարգավորմանը, սոցիալական հարցերի լուծմանը, տրանսպորտի, կապի, էներգետիկայի, այլ խոշոր ձեռնարկությունների անխափան աշխատանքի ապահովմանը:

Նա հորդորել է հիշել 2008-2009 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամը և այն, թե ինչպես էր կառավարությունը բաշխել պատասխանատվությունը: Պուտինը կարևոր է համարել, որ կառավարության անդամները ճիշտ հասկանան, թե ով ինչի համար է պատասխանատու:

Չինովնիկներին ամանորյա տոների շռայլությունից հետ պահելու իր որոշումը պատճառաբանելով՝ Ռուսաստանի նախագահն ասել է. - «Պետք է ամեն ինչ հսկողության տակ պահել»: Նա, միևնույն ժամանակ, հիշել է, որ մարդիկ հանգստանալու իրավունք ունեն, բայց նաև Ռուսաստանի ներկայիս իրավիճակը բնութագրել է «դեպրեսիվ»:

«Արձակուրդները, իհարկե, անտեղի չեն, բայց կառավարության համար, ձեր ենթակառուցվածքների համար, իհարկե, նման երկարատև արձակուրդներ, համենայն դեպս՝ այս տարի, մենք մեզ թույլ տալ չենք կարող», - ասել է Պուտինը:

Նա նաև խոստովանել է, որ ներկայումս Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները կապված են ոչ միայն արտաքին հարցերի, այլև կառավարության թերի գործունեության հետ, և կուտակվել են տարիների ընթացքում: Ռուսաստանի տնտեսության վիճակի վատթարացման հետ կապված վերջին իրադարձությունները, ըստ Պուտինի, ցույց են տալիս, որ կառավարության ձեռնարկած քայլերը տնտեսության ոլորտում բավարար չեն:

Պուտինը ասել է, որ 2015 թվականը լինելու է ավելի դժվար և պատասխանատու տարի:

Ռուսաստանը տնտեսական խնդիրների հորձանուտում հայտնվեց Ղրիմի բռնակցման պատճառով Եվրամիության և Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների հետևանքով:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն օրերս խոստովանել էր, որ երկրի տնտեսությունը կանգնած է խորը ճգնաժամի առջև:

XS
SM
MD
LG