Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանյան տոնավաճառներում մաքսատուրքերի բարձրացումից տեղյակ չեն


Հունվարի 1-ից Հայաստան ներմուծման մաքսատուրքերը նույնը կլինեն, ինչ ԵՏՄ-ի մյուս երկրներում է։

Սննդամթերք, հագուստ, կահույք ու շատ այլ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը կբարձրանան միջինը 5-15 տոկոսով, չեն բարձրանա միայն շուրջ 700 անուն ապրանքների տուրքեր, որոնց շուրջ Հայաստանը բանակցել ու մաքսատուրքերի բարձրացումը մի քանի տարով հետաձգել է։

Հայաստանի տոնավաճառներում մեր շրջայցի ընթացքում Թուրքիայից ու Չինաստանից ապրանք ներկրող ու վաճառող առևտրականներն ասացին, որ մաքսատուրքի անգամ 5 տոկոսով բարձրացումը անպայման կանդրադառնա ապրանքի գների վրա։

«Առևտուր չի լինի ընդհանրապես: Սոված կմնանք», - ասում է կտորի փոքրիկ խանութի սեփականատեր Սրբուհի Երեմյանը՝ ում փորձը հուշում է՝ գնի անգամ 10 տոկոսով բարձրացման դեպքում առևտրի ծավալները կնվազեն։

Բանակցված ապրանքների ցանկում ընդգրկված չէ հագուստը, կոշիկները, կտորեղենը, կենցաղային էլեկտրոնիկան։ Ընդհանուր առմամբ եզակի են այն ապրանքները, որոնց մաքսատուրքը ԵՏՄ-ում ավելի ցածր է: Մասնավորապես՝ 10 տոկոսով կնվազի սպասք լվացող սարքերի մաքսատուրքը, փոխարենը կբարձրանա հագուստի, կոսմետիկ բոլոր միջոցների, ատամների խնամքի պարագաների մաքսատուրքը՝ մոտ 13 տոկոսով, պայուսակներինն ու ճամպրուկները՝ 8-10 տոկոսով:

«Փեթակ» տոնավաճառում, որտեղ առևտուր անողների մեծ մասը հենց իրենք են ապրանք ներկրում, առևտրականները հրաժարվեցին ձայնագրիչի ու տեսախցիկի առջև խոսել: Բայց մեր հարցումները ցույց տվեցին, որ այստեղ էլ տեղյակ չեն ինչ փոփխություններ են սպասվում մի քանի օրից։

«Վերջին ապրանքը երեքշաբթի օրն է գալու, դրանից հետո կմտածենք՝ կունենա՞նք, թե՞ չենք ունենա», - ասում է կտորի առևտրով զբաղվող Սրբուհի Երեմյանը:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, մինչդեռ, ասում է՝ այս խնդիրը լրատվամիջոցները շատ են բարձրաձայնել՝ լայն սպառման բազմաթիվ ապրանքատեսակներ թանկանալու են։

«Եվրասիական միության գոտում մաքսադրույքաչափերը 2.7 անգամ միջինացված ավելի բարձր են, քան Հայաստանում գործող մաքսադրույքաչափերը», - ասում է նա, - «Դա նշանակում է, որ տեղի է ունենալու ներկրվող ապրանքների գների բարձրացում»:

Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունը արդեն երկար ժամանակ է վերծանում է նոր մաքսատուրքերը, քանի որ դրանք և՛ ֆինանսների նախարարության, և՛ մյուս հնարավոր կայքերում դրված են կոդավորված տեսքով։ Կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն ասում է, որ որոշ ապրանքների պարագայում հայաստանցիները իրենց գրպանի վրա չեն զգա թանկացումը, օրինակ եթե թանկանա ուկրաինական զուգարանի թուղթը, այն կփոխարինեն ռուսականով։ Բայց օրինակ՝ եվրոպական, չինական ու թուրքական արտադրության հագուստը ռուսականով փոխարինելու ցանկության դեպքում ընտրության հնարավորությունը կա՛մ մեծ չէ, կա՛մ ընդհանրապես չկա։

Հայաստանի վարած բանակցությունների արդյունքում ԵՏՄ մաքսադրույքներից միառժամանակ ազատված 700 ապրանքների շարքում ավտոմեքենաներից բացի կան նաև մի շարք հիմնական սննդատեսակներ, դեղորայք, մսի որոշ տեսակներ։

«Բայց օրինակ ներմուծվող միրգ, բանջարեղեն գրեթե չկա, օրինակ՝ նարինջ, վրացական մանդարին, բանան», - ասում է Իոաննիսյանը:

Կբարձրանան նաև ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող խմիչքի, հյութերի, գինիների, գարեջրի գները, չի փոխվի օղու գինը՝ օղու նկատմամբ Ռուսաստանում գործում է ցածր մաքսատուրք։

XS
SM
MD
LG