Մատչելիության հղումներ

Պաշտպանության ղեկավարման ազգային կենտրոնի ստեղծումը Հայաստանի համար շահեկան չէ․ Կիրակոսյան


Ռիչարդ Կիրակոսյան, արխիվ

Ռիչարդ Կիրակոսյան, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ ստեղծվել է Պաշտպանության ղեկավարման ազգային կենտրոն, որում, Ռուսաստանի ղեկավարի խոսքով, ներգրավվելու է նաև հայկական զինուժը։

Երեքշաբթի օրը Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նիստի մասնակից երկրների նախագահներին հրավիրել էր Ռուսաստանի պաշտպանության ղեկավարման ազգային կենտրոն։

Ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերության տարածած տեսանյութում Պուտինը հայտարարում է, որ կենտրոնը նախատեսված է ՀԱՊԿ բոլոր երկրների համար։

«ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները ներգրավվելու են պաշտպանության ղեկավարման այս կենտրոնի աշխատանքներում։ Վստահ եմ, որ սա կբարձրացնի ազգային պաշտպանության համակարգերի և զորքերի կառավարման աստիճանը, կբարելավվի նաև մեր աշխատանքների համակարգումը», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, նորաստեղծ կենտրոնը կսկսի լիարժեքորեն գործել 2015 թվականից։ Այստեղ, մասնավորապես, կենտրոնանալու են տվյալներ, որոնց միջոցով հնարավոր կլինի տեղեկանալ զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերի մասին և կառավարել դրանք։

Հայաստանի պաշտպանության նախարարությունում նման կենտրոնի աշխատանքներին մասնակցությունը չեն հերքում: Նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այս հարցը դեռ պետք է քննարկվի, և առաջիկայում իրենք կանդրադառնան դրան։

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, թեև Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը կարևոր է Հայաստանի համար, բայց առաջարկվող պայմաններն անհավասար են։ Նրա խոսքով, այս քայլով Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր ազդեցությունը տարածաշրջանում, իսկ Հայաստանին, որը նաև համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ և բանակում բարեփոխումներ իրականացնում, ցանկանում է հիշեցնել, որ մեր երկիրը ՀԱՊԿ անդամ է, այլ ոչ ՆԱՏՕ-ի։

«Ռուսաստանի նախագահի մոտիվացիան տարածաշրջանում և Հայաստանում իր երկրի ազդեցության ամրապնդումն է, բայց արդյո՞ք սա պետք է Հայաստանին: Ես վստահ չեմ։ Կան ոլորտներ, որտեղ կարելի է համագործակցել, օրինակ՝ կիբերանվտանգության ոլորտում, սա ողջունելի և ընդունելի է, բայց ես վստահ չեմ, որ այս համատեղ ստեղծվող կենտրոնը Հայաստանի համար շահեկան է», - ասաց Կիրակոսյանը:

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքով Պուտինի հայտարարությունը դեկլարատիվ էր, քանի որ առաջ էլ ՀԱՊԿ ուժերում գլխավոր դերը Ռուսաստանինն էր։

Նրա խոսքով, այստեղ սուվերենության խախտման խնդիր չկա, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ լինելով, որոշ բաներ զիջում է, փոխարենը ստանում է անվտանգության երաշխիքներ։ Մինասյանը վստահ է, որ այս հայտարարությունը վերաբերում է ոչ թե հայկական զինված ուժերին ամբողջությամբ, այլ միայն մեր երկրում տեղակայված ՀԱՊԿ ուժերին։

«Քանի որ Հայաստանը այս պահին, ցավոք, չունի որևէ այլընտրանքային միջոց կամ աղբյուր և ռազմատեխնիկական և անվտանգության ոլորտում, որը կարող է իր բոլոր խնդիրներով փոխարինի Ռուսաստանի Դաշնությանը և ՀԱՊԿ անդամակցությանը, կարծում եմ այդ առումով բխում է [Հայաստանի շահերից]», - ասաց Մինասյանը:

Նրա կարծիքով, այս կենտրոնին տեղեկությունների տրամադրումը չի նշանակում, թե մեր բոլոր ռազմական գաղտնիքները փոխանցվելու են․ կան բաներ, որոնք անգամ ամենամոտ դաշնակիցները իրարից գաղտնի են պահում։

Ռիչարդ Կիրակոսյանն էլ կարծում է, որ Հայաստանում պետք է գիտակցեն, որ Ռուսաստանի միակ վստահելի գործընկերն են տարածաշրջանում և ամենավստահելին՝նախկին Խորհրդային միության երկրների շարքում, և եթե այս հարցում համաձայնություն էլ ձեռք բերվի, ապա հայկական կողմը պետք է հավասար պայմաններով համագործակցի։

Կիրակոսյանն ընդգծում է, որ այս համագործակցությունը Ղարաբաղին չպետք է վերաբերի, քանի որ այդ դեպքում հնարավոր է, որ Ռուսաստանը ցանկանա սեփական խաղաղապահներին տեղակայել հակամարտության գոտում։

«Հայաստանի կառավարությունը պետք է այս հարցում շատ զգուշավոր լինի, պահպանի իր ռազմական կարողությունը, ռազմական գաղտնիքները և ինքնուրույն ապահովի ազգային անվտանգությունը», - կարծիք հայտնեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG