Մատչելիության հղումներ

Մեր օրերում քիչ չեն հայտարարությունները, թե մեզանում մարդիկ բացարձակապես կորցրել են հետաքրքրությունը գեղարվեստական գրականության և հատկապես ժամանակակից հայ գրականության նկատմամբ:

Գրականագետներ Անի Փաշայանն և Արմեն Հովնանիսյանն համոզված են, որ գիրք - ընթերցող խզված կապը վերականգնելու համար անհրաժեշտ է մշակել պետական քաղաքականություն:

«Դա կախված է պետական քաղաքականությունից՝ թե ինչի վրա են ուշադրությունը սևեռում, ինչն են մատնանշում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արմեն Հովհաննիսյանը՝ մանրամասնելով․ - «Եթե անընդհատ հեռուստաալիքները, լրագրային դաշտը, մամուլը մատնանշի գրականությունը, թատրոնը, բնականաբար, սրա շուրջ ուշադրությունը կլինի: Իսկ ի՞նչ են մատնանշում․ մեքենաների վթարներ, ում կնիկը ումից բաժանվեց, ում հետ պսակվեց»:

Նրա ձևակերպմամբ՝ մարդկանց գիտակցության մեջ այսօր «գրողը բոմժ է դառել»:

Հարցին, թե ում են այսօր հասցեագրում գրողներն իրենց ստեղծագործությունները, Հովհաննիսյանը արձագանքեց․ - «Հարցը բազմաշերտ պատասխան է ենթադրում: Ընթերցողների տարբեր տեսակներ կան: Օրինակ, այսօր կա ընթերցողների մեծ քանակ, որոնք կրիմինալ, գողական, զեկերի կյանքից գրականություն են կարդում, և գրախանութներում այդպիսի գրքերը շատ արագ սպառվում են․․․ Իսկ ինչ վերաբերում է [գեղարվեստկան գրականության] ընթերցողին, կարծում եմ, այսօրվա ընթերցողը ավելի շատ որոնում է: Որովհետև այսօր արագությունների, գերարագությունների այս դաշտում մարդն էլ է մոլորվում․․․ Ընթերցողը ինքն իրեն գտնելու խնդիր ունի: Որովհետև այսօր չեն կարող «Սամվել»-ի մեջ իրենց գտնել»:

Իսկ լավ գրականություն, նրա համոզմամբ, այսօր ունենք․ - «Լավ գրականությունը մեր ժամանակի հենց տարեգրությունն ու իրականությունն է, հատկապես արձակը»:

Անի Փաշայանը մեծ կարևորություն է տալիս գրական ընթերցումներին․ - «Մեր ընթերցողը շատ խելացի է, շատ լավ գիտի իր գործը․ առաջին հնչյուններից զգում է՝ պե՞տք է շարունակի լսել: Նա իր ժամանակը երբեք հենց այնպես չի թողնի և գա: Ջերմությունը, վարպետությունը, ասելիքի խորությունը, ընթերցողին նվիրվելը․ այս ամենը միավորում են, բերում են ընթերցողին դեպի գրողը: Ընթերցողը շատ «քմահաճ երեխա է», որը համեղ պատառ է սպասում»:

Ընթերցողը, անշուշտ, նոր գրական արժեքների, թարմ, կենդանի, անկեղծ խոսքի կարիք ունի, և եթե գտնի այն, ուրեմն գտնում է և իր գրողին:

XS
SM
MD
LG