Մատչելիության հղումներ

Երեկ ուշ երեկոյան Կիևի հյուրանոցներից մեկի մոտ խորհրդարանի պատգամավորների ուղղությամբ նռնակ նետած անձի ինքնությունը դեռ չի պարզվել: «Ուկրաինսկայա պրավդա»-ի տեղեկություններով, նռնակը նետած անձը երիտասարդ է: Ոստիկանները, սակայն, դեռ չեն հայտնաբերել նրան:

Պատգամավորներից մեկը Գերագույն ռադայի խոսնակի տեղակալ Անդրեյ Պարուբայն է եղել:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ պատգամավորների տուժել-չտուժելու մասին ոչինչ չի ասվում:

Նռնակը պայթեցրած անձը, ըստ իրավապահների, դեպքից հետո դիմել է փախուստի: Ոստիկանները հետապնդել են նրան: Այդ ընթացքում, ըստ հաղորդագրության, նա ևս մեկ նռնակ է նետել այս անգամ ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել է մեկ ոստիկան:

Ուկրաինայի ոստիկանությունը հարուցել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով: Նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու, թե ինչ տեսակի նռնակ է պայթեցրել ահաբեկիչը:

Ուկրաինական ռադայի խոսնակի առաջին տեղակալ Անդրեյ Պարուբայը հաստատել է միջադեպի վերաբերյալ տեղեկությունները: Նա հայտնել է, որ նախօրեին անհայտ անձն ուղիղ նայել է իր դեմքին, ապա նետել նռնակը: Պարուբայը «անլուրջ» է որակել տեղի ունեցածը:

«Ուզում եմ բացատրել իրավիճակը, որպեսզի տարընթերցումներ չլինեն: Երեկ երեկոյան, ժամը 23-ին, աշխատանքից վերադառնալիս «Կիև» հյուրանոցի մուտքի մոտ, որտեղ ապրում եմ, հանդիպեցի ընկերներիս: Մեր կողքով անցավ բարձրահասակ, սպորտային կազմվածքով անծանոթ մեկը: Նայեց դեմքիս: Հետ գնաց մի քանի մետր, շրջվեց և մեր ոտքերի տակ նետեց նռնակը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Անդրեյ Պարուբայը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG