Մատչելիության հղումներ

Ղարաբաղի Պաշտպանության բանակը հաղորդում է դիվերսիայի հերթական փորձի մասին


Հայկական բանակի զինվորը մարտական հենակետում, արխիվ

Հայկական բանակի զինվորը մարտական հենակետում, արխիվ

Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը «միկրոպատերազմի տարի» է որակում 2014 թվականը:

Անցած գիշեր ժամը 1:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Դիվերսիոն գործողության ընթացքում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հարձակողական զենքեր, այդ թվում՝ ձեռքի նռնակներ: «Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը, նրան հասցրել են կորուստներ և ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր: Հակառակորդին դիմակայելու ընթացքում Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել», - ասված է նախարարության հաղորդագրությունում:

Մեկնաբանելով ադրբեջանական զինուժի հերթական դիվերսիոն գործողությունը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց․ - «Արցախում գիշերը նորից ունեցել ենք դիվերսիոն գործողություն չստացված: Բարեբախտաբար, հայկական կողմից որևէ վիրավորներ, կորուստներ, զոհեր չկան: Բայց ըստ էության սա հակառակորդի համար արդեն գործելաոճ է դարձել: Չնայած նրան, որ հայկական կողմի պատասխանները, կանխարգելիչ գործողությունները, պաշտպանական գործողությունները շատ ավելի ցավոտ են դառնում հակառակորդի համար, բայց հավանաբար դա իրենց քաղաքական որոշումն է և փորձում են հետևել էդ որոշմանը»:

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի խոսքով՝ տեղի ունեցածը թշնամու որդեգրած ապակառուցողական և ահաբեկչական քաղաքականության շարունակությունն է: Նոր տարվա նախաշեմին հերթական դիվերսիոն փորձը դրա ապացույցն է:

«Օրինակ՝ 1991 թվականին, երբ որ նրանք հրթիռակոծում էին Ստեփանակերտը և Արցախի բոլոր բնակավայրերը, նույնիսկ դեկտեմբերի 31-ին յուրովի են շնորհավորել արցախցիների Նոր տարին՝ Ստեփանակերտի վրա աննախադեպ քանակով «Գրադ» հրթիռներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբայանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հերքել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության վերոհիշյալ հաղորդագրությունը՝ այն որակելով ապատեղեկատվություն:

«Ադրբեջանի զինված ուժերը ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը ռազմաճակատի գծի երկայնքով: Անձնակազմում կորուստներ չկան: Հայերը, տարածելով նման տեղեկատվություն, հող են ստեղծում սադրանքների համար, որ ցանկանում են կազմակերպել», - APA լրատվական գործակալությանը ասել են Ադրբեջանի ռազմական գերատեսչությունից:

Դավիթ Բաբայանը նշում է, որ Պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս դիմել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին, առաջարկելով հորդորել Ադրբեջանին՝ շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, իսկ տոնական օրերին հրաժարվել զինադադարի ռեժիմի ցանկացած խախտումից:

«Սա ինչ-որ ձևով խարխլում է այդ ջանքերը, արհամարհանք է ցույց տալիս այդ ջանքերի նկատմամբ՝ չհասկանալով, որ նաև այսպիսի ջանքերի շնորհիվ է Ադրբեջանը որպես պետություն գոյություն ունենում, որովհետև եթե պատերազմ լինի, սա լինելու է Ադրբեջանի վերջը», - ընդգծեց Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղարը:

2014 թվականը առանձնահատուկ էր թշնամու կողմից իրականացված դիվերսիոն հարձակումների տեսանկյունից: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը այս առումով տարին համարում է խիստ լարված:

«Ըստ էության, հրադադարի հաստատումից հետո, կարող ենք ասել, որ ունենք ամենալարված տարին՝ միկրոպատերազմի տարի, հուլիս-օգոստոսյան հինգօրյա միկրոպատերազմը, երբ երկու կողմերից էլ զոհեր եղան: Այդ ամիսներին մենք նաև ունեցանք մեծ տրամաչափի զենքերի կիրառում, որոնք հրադադարից հետո գրեթե չէին եղել կամ էպիզոդիկ էին եղել», - ասաց Հովհաննիսյանը:

Նշենք, որ երեկ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հրավիրել էր Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է նաև մարտական հերթապահության կազմակերպման հարցը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Սահակյանը շեշտել է, որ զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր մակարդակի ապահովումը եղել և մնում է պետության կարևորագույն առաջադրանքներից մեկը:

XS
SM
MD
LG