Մատչելիության հղումներ

Ըստ Բագրատ Ասատրյանի՝ կարևորը գնաճի կանխումն ու կայունության ամրապնդումն է։

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն անհեթեթ է համարում խոսակցություններն այսպես կոչված «ընդունելի փոխարժեքի» մասին։ Ըստ նրա՝ դոլար-դրամ ընդունելի փոխարժեքն այն է, ինչը շուկան է թելադրում։

«Կոպիտ չեմ ուզում լինել, բայց հիմարություն է կուրսի մասին խոսելը։ Զայրացնում է ուղղակի, էդ Ռուսաստանը [մտցրեց] «ընդունելի կուրս», չկա այդպիսի բան. որևէ մեկը չի կարող ասել այս կուրսը ճիշտ է կամ սխալ է, և մեր Կենտրոնական բանկը, որը երբեք տենց բան չէր ասել, չպիտի էդ ճանապարհը բռներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահը։

Ասատրյանը խորհուրդ տվեց չսարսափել դրամի գերարժեզրկումից։ Ըստ տնտեսագետի, կարևորը գնաճի կանխումն ու կայունության ամրապնդումն է, ինչն էլ, սակայն, այսօր բացակայում է, քանի որ երկրում արմատավորված է իշխանության հանդեպ անվստահությունը։

«Որևէ մեկդ էս իշխանություններին վստահո՞ւմ եք։ Ամբողջ հասարակությունը չի վստահում։ Այս անվստահության մթնոլորտում է այս հուզումները լինում, այս ցնցումները լինում», - ասաց Ասատրյանը։

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով, տարադրամի փոխարժեքի վայրիվերումներից խուսափելու հարցում իշխանությունները ոչ արդյունավետ են գործել։

Դրամի գերարժեզրկումը, արտարժույթի սպեկուլյացիաները և դրանից ստեղծված խուճապը, ըստ Մակարյանի, հեշտությամբ լուծելի կլինեն, եթե Կառավարության կազմում աշխատեն համապատասխան մասնագետներ։

«Տնտեսագիտական մտքի պակասություն այնուամենայնիվ կա, և նախարարների մեծ մասը տնտեսագետներ չեն, այն ոլորտները, որոնք ղեկավարում են, և Կենտրոնական բանկի ղեկավարությունը՝ Կենտրոնական բանկի նախագահն ինքը մեխանիկ է՝ գյուղինստիտուտի կրթությունով», - ասաց Մակարյանը։

Գործատուների միության նախագահը նշեց, որ Հայաստան մտնող արտարժույթի ծավալները նվազել են, ինչն էլ հանգեցրել է դոլարի դեֆիցիտի։ Մասնագետի կարծիքով, ֆինանսական շուկայում մասնավորապես դոլար-դրամ փոխարժեքի կայունացումը վերջին օրերին նկատելի է, սակայն դա դեռ բավարար երաշխիք չէ, որ ապագայում էլ այն կայուն կլինի։

«Հիմա Կենտրոնական բանկը կարող է ունի հպարտ կեցվածք, որ ինքը ինչ-որ կերպ զսպել է, բայց դա ժամանակավոր զսպվածություն է, և նա երբեք չի կարողանա վերադարձնել նախկին վիճակները», - ասաց Մակարյանը։

Ֆինանսական կայունության և տնտեսական աճի առումով դրական ցուցանիշներ տնտեսագետները չեն ակնկալում նաև ԵՏՄ անդամակցությունից։ Բագրատ Ասատրյանը հիշեցնում է ռուս մասնագետների կանխատեսումներն այդ երկրի խորը ճգնաժամային ապագայի վերաբերյալ և ընդգծում՝ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին սպառնալիք է մեր տնտեսությանը։

«Մենք եվրոպացի ենք, մեր ճանապարհը Եվրոպա է, մեր ձգտումները պետք է լինեն եվրոպական, մեր տնտեսությունն ավելի եվրոպական էր ընդամենը անցած տարի, քան ռուսական», - ասաց Ասատրյանը:

ԵՏՄ-ի շրջանակներից դուրս ևս Հայաստանն առևտրային գործընկերություն է ծավալելու։ Էկոնոմիկայի փախնախարար Գարեգին Մելքոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ վերսկսել են բանակցությունները Եվրամիության հետ խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի շուրջ։ Փոխնախարարը, սակայն, վերապահում արեց ՝ նոր համաձայնագրի ստորագրման հարցում, սակայն, Հայաստանն այլևս միանձնյա որոշում կայացնող չի կարող լինել՝ հանդիսանալով ԵՏՄ-ի անդամ։

«Եթե կոնկրետ նայենք, արտաքին առևտրի ռեժիմ երրորդ երկրների հետ, մասնավորապես արտոնյալ ռեժիմ և մասնավորապես ազատ առևտրի համաձայնագիր այլևս տեսությունն է էդպիսին տնտեսագիտության, որ պետք է բանակցի և ստորագրի ոչ թե առանձին երկրները իրենք իրենցով, այլ միության կտրվածքով», - նշեց փոխնախարարը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG