Մատչելիության հղումներ

Երևանի շուկայում սատկած խոզի մսի հայտնվելը «ամենաթողության հետևանք է»


Երևանի շուկայում սատկած խոզի մսի հայտնվելը «ամենաթողության հետևանք է»
please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00

Այն, որ սատկած խոզի միսը շուկա է հասել, սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ ամենաթողության հետևանք է:

Հիշեցնենք, որ 4 օր առաջ մամուլում լուրեր տարածվեցին, թե մայրաքաղաքի շուկաներից երկուսում սատկած խոզի միս է վաճառքի հանվել: Ավելի ուշ այդ լուրերին հաջորդեց Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության հայտարարությունը, ըստ որի ծառայության աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ շուկայից դուրս են բերել ոչ պիտանի միսն ու կապարակնքել:

Այսօր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է պատահել, որ սատկած խոզի միսը հայտնվել է շուկայում:

Նախարարը խոստովանեց, որ օրենքը հաճախ են շրջանցում: Ապա Կարապետյանը նախկինում արձանագրված մի քանի նման դեպքեր վերհիշեց:

«Մսամթերքը ստուգում են, թույլատրում են վաճառքի, բայց դուք գիտեք, որ մեր երկրում որոշ տեղեր վաճառողներ էդ կարգը խախտում են: Անցյալ տարի հիշում եք, ձիու միս էին վաճառել, հնարավորություն չունի սննդի անվտանգության ծառայությունը, որ բոլոր մսավաճառների մոտ մի հոգի անասնաբույժ կանգնեցնի, դրա համար կան համայնքային և մարզային անասնաբույժներ, որոնք էդ համայնքում մորթված մսամթերքի համար տալիս են եզրակացություն», - ասաց նախարարը:

Թեև Սննդի անվտանգության ծառայությունից վստահեցնում են, որ դեկտեմբերի 22-30-ը հանրապետության շուկաներում խիստ վերահսկողություն է սահմանվել, «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը համոզված է, որ նախարարությունը համապատասխան վերահսկողություն չի իրականացնում մսի շուկայում, և այս ամենը ամենաթողության հետևանք է:

«Ես չեմ հիշում աղմկահարույց բացահայտում, որ իրականացված լինիՍննդի անվտանգության պետական ծառայության կողմից, որովհետև ոլորտային վերահսկում չկա: Պլանային ստուգում՝ տարվա ընթացքում մեկ անգամ մտնեն ինչ-որ արտադրողի մոտ, դրանով խնդիրը չի լուծվում», - ասաց Պիպոյանը:

Գյուղատնտեսության նախարարից նաև հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ մինչ այսօր նման աղաղակող դեպքերից որևէ մեկը առաջինը Սննդի անվտանգության պետական ծառայությունը չի հայտնաբերում, փոխարենը միշտ հետևել է ոստիկանության գործողություններին, Կարապետյանը պատասխանեց․ - «Էդ նույն տնտեսվարողը եթե դիմի ծառայություն, առաջինը ծառայությունը կհասնի, դիմում է ոստիկանություն, ոստիկանությունն է առաջինը հասնում»:

Այսօր ոչ պիտանի խոզի միս իրացնելու դեպքի առթիվ Հատուկ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: Պարզվել է, որ քաղաքացի Պետրոսյանը 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի հարևանությամբ գործող խոզաբուծական տնտեսությունից ձեռք է բերել շուրջ 240 կիլոգրամ սատկած խոզի մսի խմբաքանակ։

«Մալաթիայի թիվ 4 շուկայի» աշխատակիցներն ու հսկիչը պնդում են, որ այդ միսն իրենց շուկա չի էլ մտել․ - «Ընդունարանից դուրս է ուղարկվում, որ միսը պիտանի չէ, մեր բժիշկը չի ընդունում»:

«Մեզ մոտ էդ ձևի մսեր չի մտել, չի վաճառվել», - ասաց աշխատակիցներից մյուսը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ժամկետանց հավի միս էր մատակարարվել Երևանի մի քանի մանկապարտեզներին: Այս գործով մինչ այսօր միայն մեկ մեղադրյալ է անցնում: Որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել վերջերս Եղվարդի մանկապարտեզում տեղի ունեցած զանգվածային թունավորման գործի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG