Մատչելիության հղումներ

ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստը՝ «խրախճանք ժանտախտի ժամանակ»


Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի երեկվա նիստում պաշտոնապես ազդարարվեց 2015-ի հունվարի 2-ից Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության փաստաթղթային գործընթացների ավարտը:

«Ավելի շատ երեկ կենացներ էին, խրախճանք ժանտախտի ժամանակ», - «Ազատության» հետ զրույցում տեղի ունեցածն այսպես մեկնաբանեց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Արզումանյանը կրկին պնդեց՝ Եվրասիական տնտեսական միությունը ապագա չունի: Բայց ԵՏՄ-ին առնչվող պաշտոնական արարողություններից հրաժարվել, ըստ նախկին արտգործնախարարի, Պուտինն այս պահին չէր կարող:

«Պուտինի անձնական ամբիցիան սպասարկելու արարողություն էր երեկ: Պուտինին այս պահին անհրաժեշտ է ինչ-որ հաջողություններ ցուցադրել, և այս ֆոնի վրա, որ ժողովրդին ինքը որպես հաղթանակած լիդեր պետք է ներկայանա, որը դիմակայում է Արևմուտքի նենգություններին, նրան պետք էր ցույց տալ, որ վստահություն է վայելում և այդ էր պատճառը, որ նաև Ղրղըզստանին էլ վերջին պահին ներքաշեցին», - հավելեց նա:

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հանրապետական նախագահ Արտակ Զաքարյանն ասում է՝ Եվրասիական տնտեսական միությունը գնալը Հայաստանի որոշումն է եղել՝ մեզ այն չի պարտադրվել:

«Մենք մեր շահերը պարզ տեսնում ենք, և որևէ մեկը չի կարող մեզ պարտադրել այնպիսի գործողություններ, որոնք մեր շահերից չեն բխում: Մենք ինքներս առաջնորդվում ենք մեր շահերով», - հայտարարեց Զաքարյանը:

ԵՏՄ կայացման հարցում էլ նա լավատես է, անգամ համոզված՝ այն ապագա ունի:

«Գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության շահերից դա անմիջական բխում է, երբ որ Եվրասիական տնտեսական միությունը կայանա և կայանա որպես տնտեսական միություն, որովհետև, այնուամենայնիվ, և՛ աշխարհագրորեն, և՛ կոմունիկացիոն խնդիրները հաշվի առնելով, և՛ մեր արտադրական և մրցունակության խնդիրները հաշվի առնելով, մեզ համար շատ ավելի կոմֆորտային և էֆեկտիվ է Եվրասիական տնտեսական միության շուկայում գործունեություն ծավալելը», - նաև ասաց Արտակ Զաքարյանը:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իրադարձություններից առաջ չընկնելու կողմնակից է, ԵՏՄ ապագան ձեռնպահ մնաց կանխատեսել, ներկան՝ ասաց՝ ամուր չէ․ - «Այս պահի դրությամբ Եվրասիական տնտեսական միության հիմքերը խարխլված են համաշխարհային շուկայում վառելիքի գների անկմամբ և միության երկու հիմնական առաջատարները՝ Ռուսաստանը և Ղազախստանը, լավագույն օրեր չեն ապրում»:

Խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը կարծում է՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները հավերժ չեն ձգվի:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դժգոհ էր Եվրասիական տնտեսական միության անդամակցության ողջ բանակցային գործընթացից:

«Բելառուսն ու Ղազախստանը շատ հարցեր համարձակ բարձրացրել են և ստացել իրենց համար շահեկան պայմանները, Հայաստանը՝ ոչ: Ուստի Հայաստանի վնասներն օգուտներից շատ են լինելու», - ասաց նախկին վարչապետը, - «Դրամի՝ առանց այդ էլ խախուտ դրությանը, պայմանավորված մեր առևտրի բացասական հաշվեկշռով, ավելացավ Եվրասիական միությունը: Մենք մտանք Եվրասիական միություն, մարդիկ ներդրումներ էին անում, որպեսզի արտահանեին դեպի Ռուսաստան ու հանկարծ Ռուսաստանում տնտեսությունը, փաստորեն, կիսով չափ փլվել է: Իհարկե, այստեղ երկու գործոնն էլ կան՝ և՛ Հայաստանի թույլ տնտեսությունը, և՛ այն, որ այդ թույլ տնտեսությունը միանում է ևս մեկ այլ թույլ տնտեսության»:

Փորձագետների համար դժվար է կանխատեսել՝ ինչպե՞ս կզարգանան ԵՏՄ անդամ Հայաստանի հարաբերությունները Եվրամիության հետ: Հայաստանի նախագահը բազմիցս հավաստիացրել է՝ Եվրասիական միության անդամակցությունը Եվրամիության հետ հարաբերություններին չի խանգարում: Անհայտ է, սակայն, Հայաստան - Եվրամիություն ստորագրվելիք նոր փաստաթուղթը գործակցության ի՞նչ մակարդակ կամրագրի: Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանի տպավորությամբ՝ տեխնիկական խնդիրների շուրջ են բանակցելու:

«Ինչքանո՞վ խորը, ինչպիսի՞ որակ կստանան այդ հարաբերությունները Եվրամիության և Հայաստանի՝ ինձ թվում է՝ առայժմ այդտեղ գործը չի հասել», - ասում է Նավասարդյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG