Մատչելիության հղումներ

Մինսկում Դոնբասի հարցով բանակցությունների նոր փուլ է մեկնարկում


Բելառուսի նախագահի նստավայրը:

Բելառուսի նախագահի նստավայրը:

Այսօր Բելառուսի մայրաքաղաքում մեկնարկում է Արևելյան Ուկրաինայում ստեղծված կացությանը նվիրված բանակցությունների հերթական փուլը:

Վերջին անգամ Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների պատվիրակություններն ու միջնորդի դեր ստանձնած ԵԱՀԿ-ի դիվանագետները նման ձևաչափով հավաքվել էին սեպտեմբերին` Իլովայսկ քաղաքի մոտ ուկրաիանական ստորաբաժանումների ջախջախումից հետո:

Սեպտեմբերյան հանդիպումն ավարտվեց հրադադարի մասին պայմանավորվածությունների` այսպես կոչված Մինսկյան արձանագրությունների ստորագրմամբ: Դրանք, սակայն, անցած երեք ամիսներին պարբերաբար խախտվում են: Հրադադարի խախտման մեջ կողմերը միմյանց են մեղադրում, իսկ զոհերի քանակը գնալով աճում է: Պաշտոնական տվյալների համաձայն, հրադադարի ամեն մի օրը երկու կողմից միջինը 10 զինվորականի կյանք է խլում:

Այսօր բանակցությունների մեկնարկից առաջ թե՛ Կիևից, թե՛ Դոնեցկից նոր հայտարարություններ հնչեցին, որոնց հիմնական իմաստը մեկն էր: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Եվգենի Պերեբեյնիսի ձևակերպմամբ՝ առանց մարտական գործողությունների դադարեցման և գերիների փոխանակման որևէ առաջընթաց բանակցություններում անհնարին է:

«Հուսով ենք, որ Մինսկում մեկնարկող խորհրդակցությունները հնարավորություն կտան հստակ պայմանավորվածությունների հանգել, որոնց միջոցով հնարավոր կլինի կյանքի կոչել Միսկյան արձանագրություններում տեղ գտած դրույթները: Ինքնանպատակ զրույցներին մենք դեմ ենք», - հայտարարել է ուկրաինական արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

Նույն տեսակետին է նաև Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը․ - «Որքան արագորեն ի կատար ածվեն Մինսկում կնքված արձանագրությունները, ռուսաստանցի զինվորականներն ու ահաբեկիչները լքեն երկրի տարածքը, նույնքան արագորեն էլ մենք կկարողանանք վերահսկողություն սահմանել այդ տարածաշրջանների հանդեպ, ինչը հնարավորություն կտա վերջ տալ մարդկանց տառապանքներին և այն մարդասիրական աղետին, որ առկա է Դոնեցկի և Լուգանսկի մարզերում: Ակնհայտ է, որ այդ աղետը կապ ունի միայն մեկ իրողության հետ` Ռուսաստանը չի կատարում Մինսկի արձանագրությունների պահանջները»:

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն փոքր-ինչ ավելի լավատես է: Պատճառը ուկրաինական կողմի որոշումն է` ուկրաինացի ամենառուսամետ օլիգարխներից մեկին՝ Վլադիմիր Պուտինի մերձավոր բարեկամ Վիկտոր Մեդվեդչուկին նշանակել գերիների հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում:

«Ամենագլխավորը թերևս Մեդվեդչուկի նշանակումն է: Նա բանակցություններ է վարելու գերիների փոխանակման թեմայով: Փաստորեն մենք Կիևի մոտեցումներում որոշակի փոքր, բայց փոփոխություններ, այնուամենայնիվ, տեսնում ենք», - նշել է Զախարչենկոն:

Պաշտոնական Մոսկվայի տեսակետն այս բանակցություններին ներկայացնում է Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխաիլ Զուրաբովը, իսկ Կիևը ներկայացված է նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի ղեկավարած պատվիրակությամբ:

Նախապես ենթադրվում էր, որ բանակցությունները կընթանան Մինսկի կենտրոնում գտնվող President-Hotel-ում: Հետագայում, սակայն, դրանք տեղափոխվեցին Diphall Residence պետական նստավայր՝ բանակցությունների դռնփակ ռեժիմն ապահովելու նպատակով: Բանակցությունների մասնակիցները, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, ցանկանում են առժամանակ զերծ մնալ լրագրողների ուշադրությունից:

Նախատեսվում է, որ բանակցությունների այսօրվա փուլին կհետևի մեկօրյա դադար, իսկ դեկտեմբերի 26-ին բանակցությունները կվերսկվեն:

Ուշագրավ է, որ հենց այսօր Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը որոշեց խախտել գրեթե կես տարի տևած լռությունը և հարցազրույց տալ ռուսական լրատվամիջոցներից մեկին` «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին: Հարցազուցյում Յանուկվիչը նախ նշում է, որ Մայդանը ցրելու մասին հրաման չի արձակել և ենթադրում է, որ դա իր դեմ ուղղված կանխամտածված սադրանք է եղել:

Բացատրելով Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի կքնումից հրաժարվելու իր որոշւմը՝ Յանուկովիչը հայտարարում է․ - «Ես կարող էի ստորագրել այդ համաձայնագիրը և, հավատացնում եմ ձեզ, արևմտյան ղեկավարները մեծ հաճույթով կհանդիպեին ինձ հետ և նույնիսկ գովեստի խոսքեր կշռայլեին «ճիշտ որոշման» համար: Ես նույնիսկ վերընտրվելու շատ ավելի մեծ շանսեր կունենայի: Բայց այդ ամենի գինը լինելու էր ուկրաինական արդյունաբերության առնվազն կեսի սնանկացումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG