Մատչելիության հղումներ

ԵՏՄ-ից ակնկալվող օգուտները «հասարակ գյուղացին այդքան էլ չի զգալու»


Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց ակնկալվող օգուտները շարքային գյուղացիների համար առանձնապես զգալի չեն լինի։ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անկեղծանում է՝ անդամակցությամբ բացված կանաչ ճանապարհը ոչ բոլորի համար է։

«Հասարակ գյուղացին դրա տարբերությունը էդքան էլ չի զգալու: Դրա համար մենք երկրում արդեն երկու տարի է սկսել ենք կոոպերացիաների հարցը լուծել, ձևավորենք կոոպերացիաներ, որպեսզի դրա հարցը լուծենք», - ասաց Սերգո Կարապետյանը:

Սերգո Կարապետյանը շարունակում է պնդել, թե ԵՏՄ-ին անդամակցությամբ Հայաստանի գյուղատնտեսության համար հիանալի հեռանկարներ են բացվում։ Ամփոփելով 2014 թվականը՝ Կարապետյանը հպարտությամբ ընդգծեց, որ Արևմուտք-Ռուսաստան պատժամիջոցներից Հայաստանը մեծ օգուտներ է քաղել և կրկնապատկել արտահանման ծավալները։ Մինչդեռ նախարարության տրամադրած 4 էջանոց հաղորդագրության մեջ գյուղատնտեսական որևէ արտադրանքի կրկնակի աճ արձանագրված չէ։

«Առանձին կգաս ինձ մոտ, ես էդ մասին քեզ կասեմ», - ասաց նախարարը:

Նույն հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով նաև առանձին մոտեցանք նախարարին, սակայն կրկին սպառիչ պատասխան չստացանք։

«Էդ բոլորը չի, ստեղ կա մոտ 25 անվանում պտուղ-բանջարեղեն», - ասաց Սերգո Կարապետյանը:

Գյուղատնտեսության նախարարության հրապարակած թվերին «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանն ընդհանրապես լուրջ չի վերաբերվում։

Կարկտահարություն, ոռոգման ջրի պակաս, կարտոֆիլի բերքի անկում և ոլորտում առկա մի շարք այլ բացասական երևույթները թվարկելով՝ Բերբերյանը գյուղատնտեսության համար տարին ընդհանուր առմամբ ոչ բավարար գնահատեց։

«Ցորենի ցանքատարածություններ կորցրեցինք, ոռոգման համակարգը շատ թերի աշխատեց էս տարի, Շիրակի մարզում կարտոֆիլի բերքի անկում ունեցանք: Էսօր տարին եթե գնահատական տանք, իհարկե անհաջող էր», - նշեց Բերբերյանը:

Նախարարի գնահատմամբ, մինչդեռ, գյուղատնտեսության ոլորտի համախառն արտադրանքի ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 6.5 տոկոսով։ Ավելացել են ցորենի, կարտոֆիլի, կաթի, մսի և այլ մթերքների արտադրությունը։ Ամենամեծ ձեռքբերումը նախարարությունում համարում են վարելահողերի մակերեսի մեծացումը։

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ դրական տեղաշարժը տեսանելի չէ, նախարարը կարճ պատասխան տվեց․ - «Որովհետև դուք մի բան եք տեսնում, ես մի բան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG