Մատչելիության հղումներ

logo-print

Կուտակայինի պատճառով աշխատանքից ազատված ուսուցիչը շահել է տնօրենի դեմ դատը


Ուսուցչի խոսքով, տնօրենն ընդունել է, որ իր աշխատավարձից պահումներ է կատարել՝ անտեսելով պարտադիր կուտակային պահումներ չկատարելու մասին իր դիմումը:

Պարտադիր կուտակային կենսաթոշակից հրաժարվելու մասին դիմում գրելու պատճառով աշխատանքից ազատված ուսուցիչը շահել է դատն ընդդեմ Արագածոտնի մարզի Զովասար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալբերտ Սարգսյանի:

Հիշեցնենք, որ ուսուցիչը պնդում էր, որ այս տարվա մայիսին աշխատանքից ազատվել է պարտադիր կուտակային պահումներ չկատարելու մասին գրած դիմումի պատճառով, մինչդեռ ազատման պաշտոնական հիմնավորումն այլ էր՝ մեկ օր անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը:

«Վերջում ստիպված նա ընդունել էր, որ այո, շարունակել է պահումներ անել, անտեսել է դիմումը, Սահմանադրական դատարանի դիմումը չի կարևորել, այլ կարևորել է վերևից զանգերը: Քանի որ զանգել, ասել են՝ շարունակիր պահել, ինքն էլ շարունակել է պահել», - ասաց Տիգրան Սարգսյանը:

Ի դեպ, Սարգսյանը միակն էր այդ դպրոցում, որ խիզախել էր կուտակային կենսաթոշակից հրաժարվելու դիմում ներկայացնել տնօրինությանը: Ամեն դեպքում, Սարգսյանն ըմբռնումով է մոտենում իր գործընկերների՝ կուտակայինից հրաժարվելու մասին դիմումներ չներկայացնելուն՝ նշելով, որ գյուղում աշխատատեղ չկա, մարդիկ վախենում են:

Դատարանի վճռի համաձայն՝ դպրոցի տնօրինությունը պետք է վերականգնի Տիգրան Սարգսյանի աշխատանքը և վճարի հարկադիր պարապուրդի գումարը, այդուհանդերձ, Տիգրանը դեռ չգիտի՝ կվերադառնա գյուղական դպրոց, թե ոչ:

Հարկ է նշել, որ Սարգսյանը բնակվում է Երևանում է և աշխատում մասնավոր ընկերությունում: Այդուհանդերձ, սեփական նախաձեռնությամբ որոշել էր աջակցել Երևանից ոչ հեռու գտնվող գյուղերից մեկի դպրոցներին, ու շաբաթական երկու անգամ մոտ 80 կիլոմետր էր կտրում Երևանից Զովասար հասնելու և գյուղի երեխաներին մաթեմատիկա և ինֆորմատիկա դասավանդելու համար:

«Իմ խորին համոզմամբ, գյուղում այնքան երեխաներ կան, որ իրենց անհրաժեշտ է հնարավորություն տալ իրենց տաղանդները դրսևորելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զովասարի դպրոցի նախկին ուսուցիչը:

Եթե Սարգսյանը որոշի վերադառնալ դպրոց, նորից խնդիրներ են առաջանալու՝ այս անգամ արդեն սոցիալական պարտադիր վճարներից հրաժարվելու դիմում ներկայացնելիս:

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ օր է մնացել այդ դիմումը գրելու համար, իսկ կառավարությունը սոցիալական պարտադիր վճարից հրաժարվելու հնարավորություն ընձեռել է կրթության ոլորտի հատուկենտ մասնագետներին: Ուսուցիչները, այդ ընտրյալների ցանկում չեն: Այդ ցանկում չեն անգամ ՊՈԱԿ-ից հիմնադրամ դարձած բուհերում հիմնական աշխատող համարվող դասախոսները:

Օրերս էլ կորության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կրթության ոլորտի մասնագետներին հորդորեց ուղղորդվել ջենտլմենական՝ չգրված պայմանավորվածություններով և բարոյականությամբ:

«Եթե մենք ուզում ենք լուծել ինչ-որ մի խումբ մարդկանց հարց, դա չի նշանակում, որ այդ հարցի հետ կապված պետք է շատ-շատ մարդիկ փորձեն իրենց ուզածով այդ խնդիրը լուծել», - ասել է նախարարը:

Համատեղությամբ դպրոցում և մասնավոր սեկտորում աշխատող Տիգրան Սարգսյանն, այդուհանդերձ, տրամաբանական չի համարում Աշոտյանի ջենտլմենության կոչերը:

«Նորանոր արհեստական խնդիրներ ստեղծելը չի կարող իմ որոշումը փոխել: Միանշանակ ես այդ դիմումը կգրեմ, միանշանակ կուզեմ, որ չպահեն, որովհետև ես համատեղությամբ եմ աշխատում՝ և դպրոցում, և գրասենյակում, իսկ ինչ մնում է ջենտլմենությանը, ջենտլմենությունից թող խոսեն այն մարդիկ, ովքեր նման քայլեր են անում՝ սերունդ կրթող մարդկանց նկատմամբ», - ընդգծեց Սարգսյանը:

Կուտակային պարտադիր վճարների դեմ բողոքելու պատճառով աշխատանքը կորցրած և հետո վերականգնած Տիգրան Սարգսյանը հետևում է նաև մետրոյի նախկին աշխատողների դատական գործին և հույս ունի, որ նրանք ևս կվերականգնեն իրենց աշխատանքը:

Վերջիններս ևս պնդում են, որ աշխատանքից ազատվել են պարտադիր կուտակային դեմ բողոքելու պատճառով:

Հիշեցնենք, որ այս գործի քննությունը վերսկսել է: Մետրոյի նախկին աշխատակիցների փաստաբան Քրիստինա Գորգայանի համոզմամբ, գործի վերսկսումը կրում է ձևական բնույթ:

XS
SM
MD
LG