Մատչելիության հղումներ

Այսօր ուժի մեջ է մտնում Զենքի առևտրի մասին պայմանագիրը, որը 90 օր առաջ վավերացրել են փաստաթուղթը ստորագրած 130 երկրից 50-ը։ Պայմանագիրն ընդունվել է երկու տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից։

Միջազգային այս նոր իրավական փաստաթուղթը սահմանում է սովորական սպառազինությունից ու հրթիռներից մինչև խոշոր տրամաչափի հրետանային համակարգերի և ռազմանավերի վաճառքի չափորոշիչները։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի խոսքով՝ սա համաշխարհային պատմության մեջ առաջին միջազգային պայմանագիրն է, որով կարգավորվելու է սպառազինությունների վաճառքի նկատմամբ վերահսկողությունը, ապահովվելու է զենքի վաճառքի թափանցիկությունը։

«Սա ցույց է տալիս մեր հավաքական պատրաստակամությունը՝ նվազեցնելու զենքի անօրինական վաճառքն այն տարածաշրջաններում, որտեղ տեղի են ունենում զինված հակամարտություններ, բռնություններ։ Սրանով կսահմանափակվի նաև զենքի տարածումը ահաբեկչական խմբավորումների, հանցավոր կազմակերպությունների շրջանում», - ասել է Բան Կի-մունը իր մամուլի խոսնակի միջոցով։

ՄԱԿ-ի պաշտոնական կայքի համաձայն՝ հետխորհրդային երկրներից պայմանագիրը վավերացրել են Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Ուկրաինան, Էստոնիան։ Ռուսաստանը ձեռնպահ է մնացել այս պայմանագրին միանալուց։

Պայմանագիրը չեն ստորագրել Հայաստանը և Ադրբեջանը, սակայն փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո էլ պետությունները կարող են միանալ դրան:

Պայմանագրի ընդունմանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ են քվեարկել Հյուսիսային Կորեան, Սիրիան և Իրանը։

Պայմանագրին միացած պետությունները պարտավորվում են յուրաքանչյուր տարի հաշվետվություն ներկայացնել զենքի մատակարարման շուրջ։ Առաջին հաշվետվությունը նախատեսված է 2015 թվականի դեկտեմբերի 24-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG