Մատչելիության հղումներ

Նավասարդյան. ԵՄ նոր համաձայնագրի շուրջ մեկնարկող բանակցությունները տեխնիկական բնույթ են կրում


Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, արխիվ

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, արխիվ

Թե ինչքան խորը կլինի ԵՄ - Հայաստան հետագա համագործակցությունը, ըստ Երևանի մամուլի ակումբի նախագահի, վաղ է ասել։

Ըստ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի՝ Եվրամիության նոր համաձայնագրի շուրջ մեկնարկող բանակցությունները տեխնիկական բնույթ են կրում։

«Ազատության» հետ զրույցում Նավասարդյանը, ով մինչև վերջերս Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի ազգային համակարգողն էր, պարզաբանեց, որ նախ՝ Եվրամիության և Հայաստանի միջև կար որոշակի առևտրային ռեժիմ, և այն պետք է վերաբանակցվի, քանի որ Հայաստանն այժմ դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ, և համապատասխանաբար որոշ հարցեր պետք է ճշգրտվեն, ճշտվեն, համատեղվեն։

«Երկրորդ հանգամանքը՝ ամեն դեպքում, Եվրամիությունը շարունակում է որոշակի աջակցություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ՝ նաև ֆինանսական. մենք գիտենք բյուջեին աջակցության ձևով տրամադրված մոտակա չորս տարիների համար 140 -170 միլիոն եվրոյի մասին, որոնց տակ որոշակի ծրագրեր կան, և այդ ծրագրերի բովանդակությունը, ուղղվածությունը պետք է կոնկրետացվի, և դրա համար նույնպես անհրաժեշտ են բանակցություններ», - ասաց Նավասարդյանը։

Հիշեցնենք, երեկ «Ազատության» հետ զրույցում Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ մեկտեղ Հայաստանը պատրաստակամ է առաջ մղել Եվրոպական միության հետ փոխգործակցությունը։

Թե ինչքան խորը կլինի Եվրամիություն - Հայաստան հետագա համագործակցությունն ու ինչպիսի որակ կստանան այդ հարաբերությունները, ըստ Նավասարդյանի, վաղ է ասել։

«Ինձ թվում է՝ առայժմ այդտեղ գործը չի հասել, և որքան էլ մենք հուսով էինք, որ մինչև Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովը որոշակի համաձայնագիր գոնե տեսական կձևավորվի, ցավոք, ինչքան ես հասկանում են, դա տեղի չի ունենում», - ասաց Նավասարդյանը։

XS
SM
MD
LG