Մատչելիության հղումներ

«Ռուսաստանի տնտեսության հապաղումը շարունակվելու է առնվազն երեք տարի»


Ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքով բարձրացել են բանկերին այն անձանց մուծումների ծավալները, ովքեր արտասահմանյան տարադրամով են պարտք վերցրել այդ բանկերից։ Վերլուծաբանների կարծիքով, նավթի միջազգային գների անկման և Արևմուտքի կողմից իրականացվող պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանը տնտեսական հապաղման փուլ մուտք կգործի եկող տարի։

Ռուբլու արագ արժեզրկումը մեծապես վնասել է Ռուսաստանի ժողովրդի հատկապես այն հատվածին, որը գործարքներ ունի արտասահմանյան բանկերի հետ։

Եվգենիա Սյոմինան և Ալեքսեյ Կրասնովը Մոսկվայի մեկսենյականոց բնակարանում են ապրում իրենց երկու երեխաների հետ։ Բնակարանը նրանք գնել են վեց տարի առաջ՝ վարկ վերցնելով արտասահմանյան մի բանկից։ Սակայն ռուբլին մեծապես արժեզրկվել է, ինչի արդյունքում ավելի քան երկու անգամ բարձրացել են ամսական վճարումները։

Խնդիրը չի կարող լուծել անգամ բնակարանի վաճառքը՝ չէ որ մեծապես անկում են ապրել նաև անշարժ գույքի գները։

Մարդկանց այստեղ ամենաշատն անհանգստացում է հետևյալ հարցը. - «Ի՞նչ է լինելու հետո»։

Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինն այս առումով հույսեր չի տալիս։ Նա հիշեցնում է, որ 2000 թվականից ի վեր, երբ հաստատվեց Վլադիմիր Պուտինի ու Դմիտրի Մեդվեդևի վարչակարգը, եկող տարի առաջին անգամ ռուսաստանցիների միջին եկամուտը կնվազի։

Նրա խոսքերով, 2015 թվականին 4Օ տոկոսով կնվազեն նաև ներկրումների ծավալները՝ մեծապես ազդելով շինարարության ու ներդրումների վրա։ Իսկ Ուկրաինայի հակամարտության խորացմանը զուգընթաց ավելի կսաստկանան Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, և Մոսկվան այլևս ի վիճակի չի լինի կանխել տնտեսական հապաղումը։

Ֆինանսական ներկայիս դժվարությունների համար Ռուսաստանի իշխանություններն այսօր մեղադրում են Արևմուտքին։ Սակայն, վերլուծաբանների խոսքերով, Ռուսաստանի տնտեսությունը մեծ դժվարությունների միջով է անցնելու եկող երեք տարիների ընթացքում, եթե նույնիսկ Արևմուտքն այսօր հրաժարվի պատժամիջոցներից։

Քարնեգի հաստատության վերլուծաբաններից Ուրի Դադուշը հիշեցնում է, որ Ռուսաստանի տնտեսության անկման գլխավոր պատճառը նավթի համաշխարհային գների անկումն է, ինչն էլ դառնում է ներկրումների ծավալների անկման պատճառ։

Ռուսաստանի իշխանությունները երկուշաբթի օրը ստանձնեցին խոշորագույն բանկերից մեկի կառավարումը և այն սնանկացումից փրկելու համար պատրաստվում են հատկացնել 54Օ միլիոն դոլար։ Մյուս բանկերից մարդիկ արագ հանում են իրենց գումարները։ Կենտրոնական բանկը ստիպված բարձրացնում է տոկոսադրույքները՝ դրանք 10-ից հասցնելով 17 տոկոսի։

Իսկ «ի՞նչ է լինելու հետո» հարցի պատասխանը ռուսաստանցիները դեռ չեն ստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG