Մատչելիության հղումներ

Տրիկոտաժ արտադրող ընկերության տնօրեն Սուրեն Բեկիրսկին առժամանակ զերծ է մնում Ռուսաստան ապրանք արտահանելուց՝ շարունակելով դրանք ուղարկել ԱՄՆ և ԵՄ երկրներ։ Ասում է, թե օր-օրի արժեզրկվող ռուբլին դժվարություններ է ստեղծել․ հին գնով վաճառել ձեռնտու չէ, ապրանքը թանկացնել էլ չեն կարողանում։

«Մեր հիմնական մրցակիցները և՛ աշխատում են ավելի ցածր տոկոսով, և՛ ավելի հեշտ տրանսպորտային միջոցներից են օգտվում, հա՛մ հեշտ, հա՛մ էժան, հա՛մ արագ։ Խոսքը և՛ Թուրքիայի, և՛ Հնդկաստանի, և՛ Չինաստանի մասին է, ամբողջ հարավ-արևելյան Ասիան», - ասաց Սուրեն Բեկիրսկին:

Նրա հետ համակարծիք է կոշիկի արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրեն Գագիկ Բոստանջյանը։ Քանի որ ապրանքը հիմնականում Ռուսաստան է արտահանում, նրան մտահոգում է հայկական բանկերում ռուբլու առքի և վաճառքի գների տարբերությունը։

«Բանկերը չգիտես ինչու ռուսական ռուբլու մարժան ամենաբարձրն են դնում մնացած բոլոր վալյուտաների համեմատ, որը շատ խանգարում է մեզ, որովհետև ասենք մանկական կոշիկի մեջ շահութաբերությունը շատ փոքր է։ Որ մանրում ենք, դրամ ենք դարձնում այդ ռուբլին, մենք կորցնում ենք 10-15 տոկոս, հիմա արդեն 20 տոկոս է դարձել մարժան, այսինքն՝ դառնում է անիմաստ արդեն այդ արտադրությունը շարունակելը», - ընդգծեց Բոստանջյանը:

Գործատուների միության տվյալներով վերջին ամսվա ընթացքում հատկապես մեծ կորուստներ է կրել սննդի արդյունաբերությունը՝ պահածոներ և հյութեր արտադրողները կորցրել են եկամտի մինչև 23, կոնյակ արտադրողները՝ անգամ 60 տոկոսը։

Միության նախագահ Գագիկ Մակարյանը հաշվել է, որ կորցրածը հետ բերելու համար այս ընկերություններին անհրաժեշտ է 10-15 միլիոն դոլարի փոխհատուցում տրամադրել։ Մակարյանի խոսքով դա այնքան է, որքան Կենտրոնական բանկն է 2-3 օրվա ընթացքում շուկա բաց թողնում՝ արժույթի շուկան կարգավորելու համար և անիմաստ փոշիացնում։

Ըստ նրա, հիմա պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռք առնել, քանի որ մյուս տարի գյուղացին է հարվածի տակ ընկնելու։

«Վաղը էլի ինչ-որ մարդիկ սկսելու են ծնկները ծեծել այսպես ասած։ Նայեք, եթե մենք հիմա արտահանողներին չօգնենք, որոնք գյուղացու հետ են աշխատում, իրենք եկող տարի կլինեն սնանկ, կամ իրենց վարկերը չմարելով՝ կհայտնվեն բանկերի տուգանքների և սանկցիաների տակ, իրենք չեն կարողանա մթերել գյուղատնտեսական մթերքներ, գյուղացին կմնա՝ իր բերքի ձեռքը կրակը կընկնի։ Խաղողը, մրգերը, բանջարեղենը մթերող չի լինի, որովհետև ովքե՞ր են գնում իրենցից՝ նույն պահածո արտադրողները», - ասաց Գագիկ Մակարյանը:

Ըստ արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանի Կենտրոնական բանկի այն հայտարարությունը, թե դրամի արժեզրկումը նպաստելու է արտահանմանը, պարզապես նախատոնական կատակ է։ - «Գուցե այդպես լիներ, եթե ռուբլին կայուն մնար», - ասում է նա։

Միության նախագահն ինքը սուրճի արտահանմամբ է զբաղվում և այս ընթացքում հազարավոր դոլարների կորուստ է ունեցել։ Էլ ավելի անորոշ է, թե ինչ է սպասում ԵՏՄ-ին անդամակցելուց հետո։

«Շատ մարդիկ կարծում են, որ մենք հունվարի 2-ին գնալու ենք՝ դրախտի դռները բացվեն մեզ համար և չգիտեմ ինչ կատարվի։ Դա այդպես չէ։ Խնդրում եմ իրատես լինել՝ գետնի վրա, ամեն ինչ շոշափել և հասկանալ։ Ի՞նչ է ԵՏՄ-ն։ ԵՏՄ-ն այն երկրներն էին, որոնք նույն հետսովետական ժամանակաշրջանում մենք համագործակցում էինք նրանց հետ։ Ովքեր, որ համագործակցում էին նրանց հետ, նորից պիտի համագործակցեն, բայց այստեղ հիմնական խնդիրն այն է, որ այդ ամեն ինչին քաղաքական աստառ է տրվում։ Եթե միանալով ԵՏՄ-ին ես իմանամ, որ մեկ բեռնատար մեքենայի արժեքը 5 հազար դոլարի փոխարեն դառնալու է 2 հազար 5 հարյուր ես կասեմ՝ կեցցե ԵՏՄ-ն։ Բայց այդպիսի բան տեղի չի ունենալու», - ասաց Րաֆֆի Մխչյանը։

XS
SM
MD
LG