Մատչելիության հղումներ

logo-print

Թբիլիսին քննադատում է նախապատրաստվող ռուս - հարավօսական պայմանագիրը


Վրաստանի արտգործնախարարության շենքը Թբիլիսիում

Վրաստանի արտգործնախարարության շենքը Թբիլիսիում

Ի տարբերություն Աբխազիայի, որտեղ կարողացան Մոսկվայից լուրջ զիջումներ կորզել, Հարավային Օսիայի քաղաքական ուժերը նախագիծը մեծ ոգևորությամբ են ընկալել:

Պաշտոնական Թբիլիսին խստորեն քննադատում է Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև «Ինտեգրման և դաշնակցային հարաբերությունների մասին» պայմանագրի նախագծի շրջանառության մեջ հայտնվելու փաստը: Այս առթիվ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Մոսկվայի և Ցխինվալի միջև նախապատրաստվող այս պայմանագիրը 90-ականների սկզբին և 2008-ին Ռուսաստանի կողմից իրականացված զավթողական քաղաքականության շարունակությունն է», - նշել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության այս հայտարարությունը հրապարակվեց նույն օրը, երբ պայմանագրի դրույթները հարավօսական իշխանությունների հետ քննարկելու համար Ցխինվալի էր ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովը: Հարավօսական RES գործակալության փոխանցմամբ՝ Սուրկովը հանրապետության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ մի շարք բավական անկեղծ հայտարարություններ է արել:

«Այժմ Ռուսաստանը, իհարկե, լավագույն վիճակում չէ: Դա նախևառաջ կապված է մեր դեմ կիրառվող պատժամիջոցների և միջազգային շուկաներում էներգակիրների գների տատանումների հետ: Բայց և այնպես, մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը, նաև շարունակելու ենք մեծացնել հանրապետությանը հատկացվող ֆինանսավորման ծավալները», - հայտարարել է Սուրկովը: Ռուսաստանցի պաշտոնյան նաև նշել է, որ ռուս - հարավօսական համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի 2015-ի հունվարի վերջին:

Հարավային Օսիայի և Ռուսաստանի միջև կնքվելիք այս համաձայնագիրը շատ առումներով նման է նոյեմբերին Սոչիում կնքված ռուս - աբխազական համաձայնագրի նախնական տարբերակին: Ինչպես և աբխազական համաձայնագրի նախագծի դեպքում, Հարավային Օսիայի պարագայում ևս ինքնահռչակ հանրապետության բոլոր ուժային կառույցները միանալու են ռուսական համապատասխան գերատեսչություններին` փաստորեն վերածվելով դրանց տարածքային ստորաբաժանումների: Նախատեսվում է վերացնել սահմանային հսկողությունը Հարավային Օսիայի և Ռուսաստանի միջև:

Փոխարենը, Ռուսաստանը խոստանում է լուրջ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հարավային Օսիային և պարտավորվում է ապահովել հանրապետության անվտանգությունը:

Հարկ է նկատել, որ ի տարբերություն Աբխազիայի, որտեղ կարողացան Մոսկվայից լուրջ զիջումներ կորզել, Հարավային Օսիայի քաղաքական ուժերը պայմանագրի նախագիծը մեծ ոգևորությամբ են ընկալել:

Հարավօսական խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը նշում էր․ - «Հարավային Օսիան կարող է իր լիազորությունների մի մասը զիջել Ռուսաստանի Դաշնությանը` նախևառաջ սեփական անվտանգությունն ապահովելու նպատակով: Դա գրված է մեր Սահմանադրության մեջ, ուստի կարող եմ ասել, որ Հարավային Օսիայի ժողովուրդը վաղուց արդեն կողմնորոշվել է: Մարդիկ ցանկանում են հնարավորինս լայն ինտեգրացիոն գործընթացի ականատեսը դառնալ, ընդհուպ մինչև Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելը»:

XS
SM
MD
LG