Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ խորհրդի նիստում խոսել է հայ-ադրբեջանական հակամարտության մասին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ունեցած ելույթում անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տեղի ունեցած միջադեպերին:

Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

Բանակցություններ են ընթացել նախ նեղ կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի նախագահների և Կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ: Այնուհետև ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները բանակցությունները շարունակել են պատվիրակությունների անդամների մասնակցությամբ կայացած ընդլայնված կազմով նիստում:

Իր ելույթում Սերժ Սարգսյանը գործընկերներին տեղեկացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի, մասնավորապես, ընթացիկ տարում հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը միանգամայն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածության շիկացումը և մեր տարածաշրջանի ռազմականացումը:

Նախագահ Սերժ Սարգսյանը նաև ընդգծել է, որ ՀԱՊԿ գծով համագործակցությունը հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը, և Հայաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել գործընկերների հետ՝ ի շահ Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթների ապահովման: Նախագահը հույս է հայտնել, որ դա ՀԱՊԿ անդամ պետությունների ընդհանուր դիրքորոշումն է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG