Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը խորհրդաժողով է հրավիրում


Ծառուկյանի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ կենսական կարևորության հարցեր կան քննարկելու։

Երկրում ստեղծված քաղաքական և տնտեսական բարդ իրավիճակը քննարկելու համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդաժողով է հրավիրում։ Սա նրա անձնական նախաձեռնությունն է, որին հրավիրված են տարբեր քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություններ և շարժումներ։

Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ ԲՀԿ առաջնորդը ցանկանում է լսել տարբեր քաղաքական ուժերի կարծիքներ և միասին որոշել անելիքները, քանի որ կենսական կարևորության հարցեր կան քննարկելու։

«Խորհրդակցական բնույթի միջոցառում է լինելու, որի նպատակն է վերլուծել, քննարկել արդեն իսկ կատարված աշխատանքը՝ խոսքը վերաբերում է Համաժողովրդական շարժմանը, գրասենյակների ստեղծմանը, արված քայլերը, ինչպես նաև քննարկելու առաջիկա անելիքները», - ասաց Տոնոյանը։

Խորհրդաժողովը տեղի կունենա հունվարի 20-ին, թե որտեղ՝ կհայտարարվի առաջիկայում։

«Բարգավաճ Հայաստանի» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը «Ազատությանն» ասաց, որ այս հանդիպումից հետո համաժողովրդական շարժման քայլերն ավելի հստակ կլինեն: Մելքումյանի խոսքով, սա չի նշանակում, որ իրենք հանրահավաքային ակտիվ պայքարը չեն շարունակելու: Հակառակը, նպատակ ունեն ցույց տալու, որ շարժմանը միացել են նաև արտախորհրդարանական ուժեր, իսկ հետագա անելիքներն էլ պարզ կդառնան այս հանդիպումից հետո:

«Ժողովուրդը՝ հակառակը, ասում է, որ պետք է արագացնել գործընթացները, բայց մենք իհարկե ասել ենք, որ մենք գնալու ենք ծանրակշիռ և ոչ ռիսկային, կշռադատված քայլերով և որպեսզի դա լինի, ժողովուրդը պիտի ձևակերպի իր մասնակցության ձևաչափը: Տեղեկացված լինել դա բավական չէ: Հունվարի 20-ից հետո նոր կհետևեն շատ կենկրետ քայլեր», - ասաց Մելքումյանը:

Ոչ իշխանական ուժերից «Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը։ Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք բազմիցս խոսել են միասնական օրակարգ ձևավորելու անհրաժեշտության մասին, և այս խորհրդաժողովից հենց այդ օրակարգի ձևավորում են ակնկալում։ Մարտիրոսյանն ընդգծեց, որ իրենք բաց քննարկման կողմնակից են, լսելու են բոլորի առաջարկները, ներկայացնելու են նաև սեփականը։

«Ամենագլխավորը մեզ համար կա և մնում է իշխանափոխությունը և արմատական բարեփոխումները երկրի՝ ամբողջական իշխանափոխություն, արտահերթ ընտրություններ։ Արդյունքը, երևի, պետք է լինի այն, որ մենք արդեն այն միասնականությունը, որ «Ժառանգություն»-ը այս ժամանակահատվածում պահանջել է, միասնական ջանքերով արդեն ժողովրդի պահանջը փորձենք ի կատար ածել՝ նկատի ունեմ իշխանափոխությունը և արտահերթ ընտրությունները», - ասաց Մարտիրոսյանը։

Հայ ազգային կոնգրեսում Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովի մասին տեղյակ են։ Կուսակցության խոսնակ Արման Մուսինյանը «ԻԼուր» կայքին պարզաբանել է, որ իրենց նախապես տեղեկացրել են այս միջոցառման մասին, իսկ ինչ վերաբերվում է ՀԱԿ-ի մասնակցությանը, ապա իրենք «ԲՀԿ-ի հետ համագործակցում և խորհրդակցություններ են անցկացնում երկկողմ կամ եռյակի ձևաչափերով»։

Հայտարարության մեջ, սակայն, հստակ չի նշվում՝ ՀԱԿ-ն ընդունում է այս հավաքին մասնակցելու հրավերը, թե ոչ։

«Օրինաց երկիր» կուսակցությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը հարգանքով են վերաբերում, բայց չեն մասնակցի։

Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանն էլ փոխանցեց, որ իրենց մասնակցության հարցը դեռ չեն քննարկել։

XS
SM
MD
LG