Մատչելիության հղումներ

logo-print

205 շնորհավորական բացիկի համար մարզպետարանը մոտ կես միլիոն դրամ է հատկացրել


Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կազմակերպման համար հանրապետության մարզերում միլիոնավոր դրամներ են ծախսվում։

73 միլիոն դրամ արժողությամբ Ամանորի տոնական միջոցառումների մեկնարկը Երևանում տրված է։ Աղքատության բարձր մակարդակ, 4-րդ աստիճանի վթարային բնակելի շենքեր, խորհրդային տարիներից վերանորոգում չտեսած կիսաճաք պատերով դպրոցներ, մանկապարտեզներ ու առաջին բուժօգնության սարքավորումներից զուրկ պոլիկլինիկաներ ունեցող մայրաքաղաքում, տոնակատարությունների համար մոտ 150 հազար դոլարի ծախսն ըստ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամենևին էլ շռայլություն չէ։

«Ես չեմ համարում որ դա մեծ գումար է մեր երևանցիներին և մեր հյուրերին տոնական միջոցառումներ պատվիրելու համար», - ասաց քաղաքապետը:

25 միլիոնը՝ տոնածառերի, 48-ը՝ հրավառության, համերգների, քաղցրավենիքի և սոցիալական այլ փաթեթների համար։ Թե դրանցից որն ինչ արժե, պարզել չհաջողվեց։

Ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամները չեն բացառում, որ այստեղ առկա են կոռուպցիոն ռիսկեր, սակայն վերահսկողության լծակներ, նրանց խոսքով չունեն։

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կազմակերպման համար միլիոնավոր դրամներ են ծախսվում նաև հանրապետության մարզերում։ Դրանց նպատակահարմարության մասին պատկերացում կազմելու համար թերևս բավական է ուշադրություն դարձնել Արարատի մարզպետարանի գնումների վրա։

Միայն 205 շնորհավորական բացիկի համար գերատեսչությունը հատկացրել է 482 հազար դրամ։ Թե ինչի համար է գերատեսչությունը մեկ բացիկի համար 2000-2500 դրամ գումար նախատեսել, մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը չկարողացավ պատասխանել, նշելով որ ինքն առաջին անգամ է նման բան լսում։

«Էդ բացիկները ճիշտն ասած, ես տեղյակ չեմ, չեմ կարող ասել, թե ինչ բացիկներ են», - «Ազատությանը» փոխանցեց Շադյանը:

Փոխմարզպետի անտեղյակությանը լրացնելու եկավ ֆինանսական վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը։ Վերջինս, սակայն, կտրականապես հրաժարվեց տեսախցիկի առաջ խոսել։ Եղիազարյանի խոսքերից պարզ դարձավ, որ թանկարժեք բացիկները նախատեսված են ոչ թե մարզոււմ ապրող շարքային քաղաքացիների, այլ նախարարների և պետական ապարատում աշխատող բարձ պաշտոնյաների համար։ Մարզպետի տեղակալը մտահոգվեց՝ արդյոք ցանկից որևէ մեկը դուրս չի՞ մնացել։

«Բայց քիչ չի էդքամը», - հարցրեց Շադյանը:

«Դե հիմա Էսքան ա, էսքան ենք ապահովել», - արձագանքեց ֆինանսական վարչության պետը։

Բացիկները տեսնել չհաջողվեց, Եղիազարյանի խոսքով դրանք մատակարարից դեռ չեն ստացել։ Մեր դիտարկմանը, թե հատկացված մոտ կես միլիոն դրամով երևանյան խանութներից 205-ի փոխարեն հնարավոր կլինի գնել մինչև անգամ 3000 բացիկ, Եղիազարյանը հակադարձեց՝ ընտրել են շուկայում առկա էժան տարբերակը։

«Կա ստեղ հիմա որ կոնկրետ նախարարներին է ուղղվում, իրա բացիկով, իրա ծրարով՝ ամեն ինչով, մտեք նայեք միջինից ցածր գներն է։ Անվանացանկով նախատեսված ամենացածր գներն ենք ընտրել, «Նոյյան տապանը» նայեք ուսումնասիրեք», - ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Չնայած Եղիազարյանի հավաստիացումներին, նրա իսկ մատնանշած «Նոյյան տապան» խանութում պատկերը լրիվ այլ էր: Բացիկների գինը ընկերության պաշտոնական կայքէջում չէր գերազանցում 1000 դրամը: Ընկերության աշխատակցուհին «Ազատության» հետ հեռախոսազրույցում նշեց, որ ամանորյա բացիկները նույնիսկ կարելի է գնել դրանից 10 անգամ էժան գներով:

Ստացվում է, որ մարզպետարանը կարող էր 482 հազար դրամով գնել մոտ 4 հազար 8 հարյուր բացիկ:

Մարզպետարանի աշխատակիցները խորհուրդ տվեցին չկենտրոնանալ թանկարժեք բացիկների վրա։ Փոխմարզպետ Շադյանի խոսքով 6-7 միլիոն դրամ արժողությամբ տոնական միջոցառումները մարզում արդեն մեկնարկել են․ անապահով ընտանիքները օգնություն կստանան, երեխաները քաղցրավենիք և տիկնիկային ներկայացման տոմսեր, իսկ մարզկենտրոն Արտաշատն էլ ամբողջությամբ տոնական տեսքի մեջ է։

Այս խոսքերի և իրականության միջև հակասությանը հանդիպեցինք անմիջապես մարզպետարանից դուրս գալուց հետո։ Արտաշատի գլխավոր տոնածառից ընդամենը մի քանի մետր հեռու՝ մայթեզրին արտաշատցիների համար սովորական դարձած աղբի կույտերն էին։

Ամանորի նախաշեմին կենտրոնական փողոցի ոչ սանիտարահիգիենիկ վիճակն արտաշատցիներին, սակայն գրեթե ամենաքիչն էր հետաքրքրում։ Մեր հարցումների ընթացքում մարդիկ պնդում էին, որ մարզպետարանի և քաղաքապետարանի մատնանշած միջոցառումներն ու օգնություններն իրենց համար անտեսանելի են։ Տոնական տրամադրության համար պակասում է ամենակարևորը։

«Դատարկ գրպանով ի՞նչ տոնական տրամադրություն», - «Ազատությանն» ասաց արտաշատցիներից մեկը:

Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում երեկ նույնպես վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը։ 1988-ի երկրաշարժից դեռ հարյուրավոր անօթևաններ ունեցող աղետի գոտում, տոնական դեկորացիաների, լուսավորության և տոնածառի զարդարման համար միլիոնավոր գումար է ծախսվել։ Փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի համար, սակայն, այդ գումարը ճոխություն չէ։

«Մեծ գումար չի կազմում, մոտ 9.6 -10 միլիոն դրամ կարող է կազմել ընդհանուր», - նշեց Սանոյանը:

Գումարի հսկայական մասն ուղղվել է լուսավորության վրա: Բացի գլխավորից այլ վայրերում տեղադրվել են 46 տոնածառեր։ Սանոյանի խոսքով տոնական միջոցառումներում նորամուծությունները շատ են, գյումրեցիներն էլ բարձր տրամադրությամբ են դիմավորելու Ամանորը։

XS
SM
MD
LG